Եթե ընդդիմադիրների ահաբեկչության կոչերը չպատժվեն, հետագայում կդառնան գործողություններ

Երեկ  ՀՀ ԱԺ-ում ընթանում էին խորհրդարանական լսումներ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումները գումարվել են «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։ Լսումներին մասնակցում էր նաև Բագրատ Գալստանյանը, որը կրկին աչքի ընկավ ատելության խոսքով։ Նրան ձայնակցեցին նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ։ Բագրատ Գալստանյանը մասնավորապես հայտարարել է, որ իրեն հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ 


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։


«Բնականաբար, դատապարտելի և անթույլատրելի հայտարարություններ են, քանի որ այդ 680 000 քաղաքացիներն օգտվել են իրենց իրավունքներից և գնացել, ազատորեն ընտրել են այն քաղաքական ուժին, որին ցանկացել են։ Ինձ օրինակ՝ ամենաշատը հուզում է, թե ինչպես է պատահում, որ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը մտնում է քաղաքականության մեջ, ու իր հետևից, ըստ էության, 1000 հոգի մարդ է հավաքվում։ Այ դա ավելի մտահոգիչ է։ Ես կարծում եմ, որ Բագրատ Գալստանյանը պետք է ավելի շատ դրա մասին խոսի և դրա մասին մտածի, քանի որ սա ցույց է տալիս, որ հանրության մեջ ավելի շատ եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականի վարկանիշն է ընկած, քան իշխանության, և հաջորդը՝ կարծում եմ, որ Բագրատ Գալստանյանը նաև ի պաշտոնե այն անձնավորությունը չի, ով խոսում է  նման կատեգորիաներով»,-  ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ այս ամբողջ ընթացքում, երբ ուսումնասիրում ենք Բագրատ Գալստանյանի արտահայտած մտքերը, վարքագիծը, հասկանում ենք, որ նա որպես հոգևորական էլ ունի բազմաթիվ խնդիրներ՝ թե աստվածաբանական գիտելիքների տեսանկյունից և թե հոգևորականի բարոյական տեսանկյունից, քանի որ ատելության խոսք, սուտ ու կեղծիք են հորդում Բագրատ Գալստանյանի բերանից: Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե ուսումնասիրենք մեր քաղաքական պատմությունը, ապա նույնիսկ աշխարհիկ քաղաքական գործիչներն իրենց թույլ չեն տվել այն անթույլատրելի բառամթերքը, որն իրեն թույլատրում է Բագրատ Գալստանյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան