Չնայած Միացյալ նահանգները երբեք պաշտոնապես չի պահանջել, որ խաղաղության պայմանագիրը
պետք է մինչև COP29-ը ստորագրվի, սակայն, ամբողջ տրամաբանությունը դա էր՝ Ադրբեջանը
պետք է որոշակի զիջումների գնար մարդու իրավունքների ոլորտում խստացումները մեղմելու,
քաղբանտարկյալների ու հայ ռազմագերիների հարցը լուծվեր և խաղաղության պայմանագիրը ստորագրվեր։
Հենց անյպես չի որոշվել, որ այդ ֆորումը պետք է անցկացվի Բաքվում։ Այս մասին
Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։
Ադրբեջանը բոլոր առումներով չի կատարել իր պարտավորությունները, մնում է միայն
խաղաղության պայմանագրի ստորագրումը, որով նաև Արևմուտքն իր դեմքը կփրկի, որովհետև այդ
երկրներում մամուլը, քաղհասարակությունը քննադատում է իշխանություններին՝ էկոլոգիական
ֆորումը Բաքվում անցկացնելու համար։
«Սա վերջին հիշեցումն է, որ մենք ձեզ հնարավորություն ենք տալիս, որպեսզի լիովին
ձախողված չլինի ու որոշ լիդերներ հրաժարվեն ներկա գտնվել COP29-ին», - ասաց Արմեն Հովհաննիսյանը։
Բացասական մթնոլորտը Բաքվի շուրջ, ըստ քաղաքագետի, գնալով թանձրանում է։ ԱՄՆ-ն
վերջին շանսն է տվել Ալիևին։
Անդրադառնալով Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններին և Եվրամիությանն
անդամակցելու հանրաքվեին Հովհաննիսյանն ասաց, որ Մոլդովան չկարողացավ հակադրվել պրոռուսական,
քրեաօլիգարխիկ տարրերին։
Մոլդովայում քաղաքացիները մոտավորապես հավասարապես են քվեարկել ԵՄ-ին անդամակցելու
հանրաքվեին։ Դեռ ամբողջական արդյունքները ամփոփված չեն, սակայն ձայները գրեթե
50/50 են։ Մոլդովայի ընտրությունները Հայաստանի վրա, Հովհաննիսյանի կարծիքով, էական
ազդեցություն չեն ունենա։ Ավելի կարևոր են Վրաստանում ընտրությունների արդյունքները։
«Մեծ հավանականություն կա, որ Իվանիշվիլիի ռեժիմը գնալու է վա-բանկ, ընտրությունների
արդյունքները կեղծվելու են՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը դուրս է գալու փողոց, փորձելու
են ուժային՝ ընդհուպ բելառուսական մեթոդներով լռեցնել մարդկանց։ Ըստ էության, տեղի է ունենալու իշխանության բռնազավթում՝ ըստ Իվանիշվիլիի պլանի», -
նշեց Արմեն Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան