Փաշինյանը ՀՀ ընտրված ղեկավարն է, Բաքուն պարտավոր է հաշվի նստել դրա հետ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։

 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

 

Նա նշեց, որ Ադրբեջանի այդ ներկայացուցչի ասածը հակադարձելու համար, ակնկալում է, որ մեր ՍԴ-ի կողմից այդ ընդունված որոշումը, եզրակացությունը՝ 33 էջի վրա, արագ թարգմանվի և ուղարկվի ամիրբեկովներին,  որպեսզի նրանք կարդան, թե ինչ է գրված ՍԴ-ի մեջ և այդ գրվածն ինչպես է վերծանվում, որպես վերջնական որոշում՝ Հայաստանի կողմից ընդունված, ընդ որում, նաև անգլերեն լեզվով թարգմանված, միջազգային գործընկերներին ուղարկվի, որպեսզի պարզ դառնա։

 

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ եթե դրանից հետո Ամիրբեկովը կամ պայմանական Ամիրբեկովն էլի նման բան է ասում, նշանակում է, որ Ադրբեջանը ուղղակի պատճառաբանություն է որոնում, որպեսզի Հայաստանի հետ պայմանագիր չստորագրի։


«Երկրորդը, երբ որ նույն Ամիրբեկովը ասում է, որ մենք ուզում ենք պայմանագիր ոչ թե Փաշինյանի,  այլ Հայաստանի հետ, պաշտոնական Երևանը պետք է պայմանական Ամիրբեկովին հուշի, որ այնպես չի, որ Երևանի քունը չի տանում՝ Ալիևի հետ պայմանագիր ստորագրելու։ Մենք էլ Ադրբեջանի հետ ենք ուզում ստորագրենք։ Եվ բերաններդ չափավորեք, որովհետև այսօր Հայաստանին ներկայացնում է Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված կառավարություն, որի ղեկավարն է Փաշինյանը, անկախ նրանից պայմանական Ամիրբեկովն ինչ է ուզում կամ ինչ չի ուզում և դրա հետ իրենք պարտավոր են հաշվի նստել։ Ընդ որում, իրականում ընտրված, այլ ոչ թե հայրիկից իշխանություն ստացած և կնոջն էլ փոխնախագահ նշանակած, սակավամիտ որդուն էլ կողքը նստեցնելով՝ ժողովներ անցկացնելով, ի տարբերություն իրենց»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան