ԱԺ նախկին նախագահ, Անվտանգության
խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ երբեմնի նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա ընտանիքի անդամները՝ կինը,
որդին, հայրը, հոկտեմբերի 29-ին հրավիրվել
են ՀՀ գլխավոր դատախազոության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
վարչություն։ civic.am-ը «Ազդարար» հարթակում
հրապարակված՝ Աննա Բաղդասարյանին ուղղված ծանուցագրից տեղեկացավ, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն,
որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և որի հիման վրա Աննա Բաղդասարյանի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման
առարկա: Դատելով դատախազության
մյուս ծանուցագրերից՝ ուղղված
Բաղդասարյանի որդուն և հորը, վերջիններիս անունով հաշվառված գույքերը նույնպես հանդիսանում
են բռնագանձման առարկա։
Նշենք, որ մամուլը տարիներ շարունակ գրել է նախկին պաշտոնյային պատկանող
բիզնեսների ու ահռելի ունեցվածքի մասին։ 2018-ին
վերջինս հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու և կուսակցության նախագահի
պաշտոնը թողնելու մասին։
Նշենք, որ ԱԺ նախկին խոսնակին է
պատկանում 2010-ին գրանցված, ալկոհոլային խմիչքներ արտադրող «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ն։ Դրա 100 տոկոս իրական շահառուն
(անուղղակի մասնակություն) ըստ պետռեգիստրի 2024 թ․ մայիսի տվյալների՝ Արթուր
Բաղդասարյանն է, ռեզիդենտ ընկերությունը՝ Գավեքս Գրուպ»-ը։
2022-ին «Հետք»-ը գրեց, որ 2019-ի սեպտեմբերին
Լիոնի հարևան Ռիյո լա Պապ քաղաքում (1 Allée Marcel Pagnol, Rillieux-la-Pape,
France) գրանցվել է «AB Invest France» ընկերությունը: Դրա հիմնադիրը, ըստ փաստաթղթերի,
Ա. Բաղդասարյանի հայկական «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն
է, բայց վերջնական շահառու սեփականատերը հենց նախկին պաշտոնյան է:
Հ․Մ․