ԲԴԽ-ի համար միևնույն է, թե ով կլինի արդարադատության նախարարը. ես որևէ նախարարի համար չեմ երաշխավորել. Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է արդյոք մնալ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերը, թե՞ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընկերությունն էլ վերջացավ։ 


ԱԺ լիագումար նիստի ժամանակ Անդրեասյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։


Ի պատասխան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ իր ղեկավարած խորհրդի համար այնքան միևնույնն է, թե ով կլինի արդարադատության նախարարը։


Նրա խոսքով` ցանկացած նախարարի հետ ԲԴԽ–ն ունի սահմանադրական իր աշխատանքը, որը արել են, կանեն ու կշարունակեն անել։


«Որպես ԲԴԽ նախագահ` ես որևէ նախարարի համար որևէ երաշխավորում չեմ արել։ Տիկի՛ն Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրիք, պարոն Մինասյանը հոգնեց, զզվեց, գնաց։ Ի տարբերություն ոմանց` ինձ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով, քաղաքական հայացքներով։ Երբ ես և Գրիգոր Մինասյանն ունեինք ծայրահեղ տարբեր քաղաքական դիրքորոշումներ, նույնիսկ այդ ժամանակ մեր մանկության ընկերությանը որևէ վնաս չի եղել, մի անհանգստացեք` բոլոր ընկերներն իրենց տեղում են, բոլոր արժեքները պահպանված են։ Անհոգ եղեք, տիկի՛ն Խամոյան»,– վստահեցրեց Անդրեասյանը։