ՍԴ դատավորների դեմ ակցիան քրեական հանցագործություն է․ Խալաթյան

Այն բանից հետո, երբ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը և ՍԴ դատավորները Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտնեցին իրենց մասնագիտական կարծիքը, այդ հանգամանքը շատ ծանր են տարել ընդդիմադիրները։ Դրանից հետո տեղեկանում ենք, որ քաղաքի տարբեր հատվածների էլեկտրասյուների վրա փակցված են ՍԴ դատավորների լուսանկարները՝ կից գրությամբ. «Նիկոլի ծառա»։Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

 

«Ես խորապես դատապարտում եմ այդ ակցիաները, որոնք որ անցնում են բոլոր թույլատրելի և՛ բարոյական, և՛ իրավական սահմանները և գտնում եմ, որ այդ ակցիաները ոչ միայն  ուղղված են հենց կոնկրետ դատավորներին, այլ ուղղված են պետությանն ընդհանրապես և խիստ բացասաբար են ազդում պետական ինստիտուտների կենսունակության վրա։ Եվ ընդհանրապես, եթե մենք իրավական նիհիլիզմ մեջ ենք մտնում և  սկսում ենք պետական ինստիտուտների, տվյալ դեպքում ՍԴ-ի՝ իր իրավասության շրջանակներում կայացված որոշումները, սկսում ենք այդ որոշումները կայացնող դատավորներին պիտակավորել, վիրավորել, նսեմացնել նրանց արժանապատվությունը, ապա դրանով մենք սասանում ենք պետության հեղինակությունը, պետական ինստիտուտների հեղինակությունը, ինչը խիստ վտանգավոր է թե՛ երկրի, թե՛ ինքնիշխանության, թե՛ անվտանգության համար, հատկապես նման բախտորոշ իրավիճակում, որում գտնվում է ՀՀ-ն» ,- ասաց իրավագետը։

 

Ինչ վերաբերում է այդ ակցիայի իրավական բնորոշմանը, Արտաշես Խալաթյանն ասաց, որ սկսենք նրանից, որ դա ամենևին չի կարող կոչվել խոսքի ազատության դրսևորում, քանի որ Քրեական օրեսնգրքի 490-րդ հոդվածը հստակ քրեական պատասխանատվություն է սահմանում այն արարքների համար, որոնք ուղղված են դատավորի պատիվը և արժանապատվությունն արատավորող կամ նրանց այլ իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարող տեղեկությունների տարածմանը և դրա համար սահմանված է ընդհուպ 2-5 տարի ժամկետվ ազատազրկում։

 

«Չի կարող խոսքի ազատություն համարվել դատավորի՝ ի պաշտոնե իր պարտականությունները կատարելու կապակցությամբ նրան պիտակավորելը, անվանարկելը, վիրավորելը և նրա պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող, ոտնահարող արտահայտություներ կատարելը։ Նախ ես զարմանում եմ, որ մինչ այժմ դատախազության  կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել այս արարքների կապակցությամբ»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան