ԵՄ-ն և Ճապոնիան դեմ են Ռուսաստան ապրանքների արտահանման ամբողջական արգելքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին. FT
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Եվրամիությունն ու Ճապոնիան չեն պաշտպանել G7 երկրներին ուղղված ԱՄՆ առաջարկը՝ արգելել ապրանքների ամբողջական արտահանումը Ռուսաստան, գրում է Financial Times թերթը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում, առաջարկ ներկայացնել գործնականում ցանկացած ապրանքի Ռուսաստան արտահանման վրա էմբարգո սահմանելու վերաբերյալ։ Ենթադրվում էր, որ բացառությունների ցանկում կընդգրկվեն միայն դեղամիջոցներն ու սննդամթերքը։
Գործող սահմանափակումների համաձայն՝ կարելի է արտահանել այն ամենը, ինչն արգելված չէ պատժամիջոցներով։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նոր մոտեցումը «կշրջեր գործող պատժամիջոցների ռեժիմը»։
Սակայն, ինչպես FT-ին հայտնել են աղբյուրները, G7-ի գագաթնաժողովի նախապատրաստական հանդիպմանը ԵՄ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչները նման միջոցն անհնար են անվանել։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի վաղ սպառնացել էր, որ արտահանման ամբողջական արգելքը կհանգեցնի հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուն: