Ընդդիմության հայտարարությունները անտրամաբանական են․ այդ խոսույթը նշանակում է ամենօրյա վտանգի ենթարկել ՀՀ բնակչությանը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվից հետո այցելել է Երևան։ Վերջինս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակն է փոխանցել  Նիկոլ Փաշինյանին։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։


«Տեղի է ունենում այն, որ հեռացող նախագահ Ջո Բայդենը փորձում է ավարտին հասցնել իր նախագծերից գոնե մեկ-երկուսը, որովհետև գիտենք, որ իր հերթին պետքարտուղար Բլինքենը մեկնել էր Մերձավոր Արևելք՝ փորձելով Իսրայելի և Գազայի հատվածի միջև իրավիճակը կարգավորել։ Մեր տարածաշրջանի հետ կապված Բայդենը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ փաստաթուղթ գոնե ստանալ, ինչը կարողանա ներկայացնել որպես իր նախագահության շրջանում լուծված խնդիրներից մեկը» ,- ասաց քաղաքագետը։


Նա նաև նշեց, որ համաձայն չէ որոշ փորձագետների այն կարծիքի հետ, թե այս գործընթացը կապված է ուղղակիորեն Քամալա Հարիսին աջակցության հետ, որովհետև մեծ հավանականությամբ, եթե նույնիսկ Հայաստանը և Ադրբեջանը ինչ-որ բան ստորագրեն, դա էական ազդեցություն չի ունենա Քամալա Հարիսի վարկանիշի վրա, որովհետև, ի վերջո, սա Բայդենի նախագիծն է, և ամենաշատը Բլինքենին կարելի է համարել նախագծի ջատագովներից մեկը, իսկ Քամալա Հարիսի մասնակցությունն ուղղակի կերպով, կարելի է ասել, որևէ տեղում մենք չենք տեսել։ 


«Այն քաղաքականությունը, որը կվարի հաջորդ վարչակազմը, որոշակի փոփոխություններ է կրելու, անկախ նրանից՝ դա կլինի Թրամփի վարչակազմը, թե Հարիսի վարչակազմը, և այդ փոփոխությունները կարող են որոշակիորեն տարբերվել Բայդենի պատկերացումներից և Միացյալ Նահանգների այս վարչակազմի պատկերացումներից։ Ես կարծում եմ՝ շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այստեղ Բայդենի անձնական նախաձեռնությունն է, վերջին փորձն է ինչ-որ խնդիր լուծելու և այդ խնդրի լուծումը վերագրելու իր նախագահության շրջանին»,- նշեց քաղաքագետը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան