ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ նախօրեին Աժ-ում հնչեցրած հայտարարությունները ընդդիմության, մասնավորապես ՀՅԴ-ի վերաբերյալ, խոցել են այդ կուսակցության բարոյականությունն ու սպասելի էր, որ պետք է արժանանան արձագանքի՝ արդեն ծանոթ նողկալի ձեռագրով։
«Սրբազան պայքար»-ի կազմկոմիտեն, հավանաբար հրահանգավորվելով շարժման համաառաջնորդ Գառիկ Դանիելյանի կուսակցության կողմից,
իր պաշտնական ֆեյսբուքյան էջով լծվել է գործի՝ տիրաժավորելով երեկ երեկոյան տեղի ունեցած ակցիան՝ ԱԺ նախագահի
ու նրա մոր համատեղ լուսանկարը փակցվել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ կից գրությամբ։
Ակնհայտ է, որ ի դեմս այս մարգինալ շարժման՝
դրա առաջնորդի, քարոզիչների ու մանդատավոր հովանավորների, ունենք խոսքի, արտահայտման ազատությունը «մելկի ժուլիկության»
հետ շփոթած խմբավորման հետ, որի ձեռքից գալիս է միայն մի բան՝գիշերային ակցիաներ կամակերպել՝
լուսանկարներ հրապարակելով ու թիրախավորելով պետական ինստիտուտները, տարբեր պաշտոնյաների,
այդ թվում՝ ՍԴ դատավորներին։ Նման ցածրակարգ
միջոցառումները, եթե կազմակերպվեին իշխանության որևէ համակիրի կողմից՝ թիրախավորելով
նախկին իշխանության որևէ ներկայացուցչի, վստահաբար, ընդդիմության քարոզիչները օպերատիվ
կերպով վայնասուն կբարձրացնեին, դատապարտող հայտարարություններով անարգանքի սյունին
կգամեին՝ ակցիայի կազմակերպման հետևում տեսնելով իշխանության «ականջները»։ Բայց այս
և մնացած դեպքերում լուռ են ու համախոհ, այլապես գոնե մի թեթև ծպտուն կհանեին։
Ի դեպ, ՀՅԴ-ն իր կառույցներով, ընդ որում՝ թե՛ հայաստանյան, թե՛ նաև արտերկրի,
սովոր է դիմել արտահայտման նման վուլգար դրսևորումների։ ՀՅԴ-ական
ջահելները կարող են, ասենք, ներկ լցնել օտար երկրում ՀՀ դեսպանատան դռան վրա, արգելափակել
դեսպանների տեղաշարժը, հետապնդել նրանց, հայհոյել, հարձակվել՝ առարկաներ նետել ՀՀ վարչապետի՝
ՀՀ պետական դրոշակակիր ավտոմեքենայի ուղղությամբ և այսպիսով ապացուցել իրենց խորին
հայրենասիրությունը։ Ամիսներ առաջ էլ, հիշեցնեք, ԱՄՆ-ում «ծանոթ ձեռքը» հայտնի ձեռագրով որոշել էր շնորհավորել
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ՝ Նյու
Յորքի Թայմս Սքվերի գովազդային վահանակներից մեկի վրա հրապարակելով նրա լուսանկարն
ու թուրքերով շնորհավորանքը։
Ի դեպ, երեկ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի
հետ «բանավեճի» ժամանակ ստիպված եղավ անդրադառնալ իր դեմ կազմակերպված հերթական քարոզչական
արշավին։ Առիթն ընձեռեց ինքը՝ ՀՅԴ –ական պատգամավորը։
Նախ նա Ալեն Սիմոնյանին մեղադրեց նախօրեին ԱԺ նախագահին «անհարիր պահվածք» թույլ
տալու, «ռեպլիկներ» թողնելու մեջ (Սիմոնյանը մասնավորապես հայտարարել
էր , որ ՀՅԴ-ն ու «Դոգ»-ն ունեն նույն վարկանիշը) և առաջարկեց ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար։ «Որպեսզի
հետագա զարգացումներ էլ չունենան և հասարակությունը ի վերջո հասկանա, որ ԱԺ-ն իրենց
բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, այլ ոչ թե փողոցային բարքերով շարժվող կառույց,
նաև ստանձնել պարտավորություն, որ հետայսու նման երևույթները կկասեցվեն ի սկզբանե»։
Մինասյանը նաև մշակույթի փոփոխության մասին խոսեց՝ նշելով, որ այն պետք է տեղի ունենա
այս դահլիճից, «հակառակ դեպքում ուղղակի փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի
վատ սցենարներ կարան լինեն, որը անթույլատրելի ու անընկալելի կարող է լինել թե հասարակության,
թե նաև ներկայացուցչական այս մարմնի համար»։
Արծվիկ Մինասյանն այնուհետ, իր բարոյախրատական ելույթում նկատեց՝ «երբ որ խոսափոխը
գտնվում է մարդու ձեռքին, և ինքը կարող է էդ խոսափողից օգտվելով հայտարարություններ
անել, դրանից առաջ պետք է նաև մտածի, որ ի տարբերություն մյուս պատգամավորների, որոնց
խոսափողներն անջատված են, չի կարող իրեն թույլ տալ փողոցային բառապաշար։ Սա նաև անհրաժեշտ
պատասխանատվության գիտակցումն է, որ փոխանցվի նաև դիմացինին»։
Իր հերթին Ալեն Սիմոնյանն անցավ բարոյախրատական «հակահարվածի»՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարին հիշեցնելով ՀՅԴ-ականների
նախորդիվ ցուցաբերած վարքագիծը․ «Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ, վախենալու բան չկա,
բայց մարդը, որը պետք է ներողություն խնդրի, պետք է իրեն մեղավոր ճանաչի և զգա, որ
ինչ որ արարք է արել, որը պետք չէր անել։ Երբ
որ դուք գալիս եք, շատ հանգիստ տոնով բարոյախրատական բաներ եք ասում, ես ուզում եմ
ձեզ հարց տալ՝ արդյոք երբ որ ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը էստեղ նստած
լսումների ժամանակ լսում էր, որ ամբիոնից ելույթ ունեցող որոշ բանախոսներ (խոսքը, թերևս, Ռուբիկ Հակոբյանի մասին է-խմբ․) սեռական բնույթի
հայհոյանքներ էր հնչեցնում, էդ հորդորը դուք իրեն արե՞լ եք, թե ոչ։ Արդյոք Սեյրան Օհանյանը
ձեր խմբակցության և ձեր կարծիքը կիսո՞ւմ է, ընդհանուր առմամբ սա ձե՞ր կարծիքն է, թե՞
խմբակցության, որովհետև եթե խմբակցության կարծիքն է, այլ ոչ միայն ձեր, ապա դուք պետք է դրան հետևեք։ Եվ, նոր դուք
ասացիք, որ բարձրախոսը ինձ մոտ է, և ես ինչ-որ բաներ ասել եմ, ապա դուք ձեր նշած դեպքի
պարագայում ոչ բարձրախոս եք միացրած եղել, ոչ էլ դա է օգտագործվել։ Ձեր գործընկերը՝ տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է
ամենադատապարտելի և ամենափողոցային տարբերակով մտքերը արտահայտելու ոչ միայն դահլիճից,
այլ նաև այստեղից, դուրս գալուց հերթական բանն է իրեն թույլ տվել, որին ի պատասխան
ես արձագանքել եմ և արձագանքելու եմ, և էլի շատ եմ արձագանքելու։ Եվ այն բանը, որ,
չեմ ուզում որակումներ տալ, ինչ որ էակներ գիշերը իմ և իմ ընտանիքի անդամների նկարներ
են փողոցներում կպցնում, վատ բառեր են գրում, դրան ինչ- որ ձևով արձագանքե՞լ եք։ Կամ,
որ ձեր՝ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող տելեգրամյան տարբեր ալիքներում իմ անձնական հեռախոսահամարն են տեղադրվում, հայհոյանքներ
են գրվում, դրան արձագանքե՞լ եք։ Հարգելիս, ստանդարտները երկակի չեն լինում։ Քամի ցանողը
փոթորիկ է հնձելու, առաջին օրից դուք դա իմ վարքագծից իմացել եք»։
Ալեն Սիմոնյանը ներողություն չխնդրեց, Արծվիկ Մինասյանն էլ նկատեց՝չեք խնդրում,
ինչ արած, Աստված ձեզ հետ։
Բանավեճի «եզրափակիչ ակորդը»
հնչեցնելիս ԱԺ նախագահը հորդորեց իր հետ քողարկված սպառնալիքի լեզվով չխոսել՝ մասնավորապես ազդարարելով։ «Երբ Ռոբերտ Քոչարյանն
ու դուք իշխանության էիք և մարդկանց «պադիեզդներում» ծեծում էիք, մարդկանց գլուխը խփում
էին զուգարանակոնքին, ես շատ բաց ու ուղիղ իրերը անվանում էի իրենց անունով և հետագայում
էլ եմ նույն կերպ վարվելու: Եթե դուք հիմա կարծում եք, որ կարելի է բացել պահվածքների
վերաբերյալ խոսակցություն, ես դեմ չեմ, բայց հավատացեք՝ դուք դրանից շատ ավելի շատ
եք տուժելու. երբ որ ձեր կողմից սատարվող Բագրատ սրբազանը գալիս այստեղ, մի քանի հարյուր
հազար հայ ժողովրդի ներկայացուցչի է վիրավորում, երբ որ ձեր կողմից բերված մարդիկ այստեղից
սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, կանայք, որոնք գալիս կրթությունից են խոսում,
ստեղից այնպիսի բաներ են խոսում, հետո էլ զարմանում ենք, որ ԱԺ վարկանիշը ցածր է»։ ԱԺ նախագահը միաժամանակ
հավելեց՝ իր հետ սպառնալիքով չխոսել, «դա չի
աշխատելու, ընդհակառակը՝ հակառակ արձագանք է ունենալու»:
Ի դեպ, ՀՅԴ-ին և մասնավորապես Արծվիկ Մինասյանին խոցած հայտարարության մասին։ Այն,
որ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցությունն ու ՀՅԴ-ն ունեն նույն
վարկանիշը, դա Ալեն Սիմոնյանի հորինածը չէ, այլ՝ սոցհարցման արդյունքում պարզված իրողություն։
ԱԺ նախագահը ենթադաբար հենվել է հենց այդ հարցման տվյալների վրա՝ ՀՅԴ-ի վարկանիշի մասին
արտահայտվելիս․ խոսքը Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական
հետազոտության մասին է, որոնք վերաբերում էին 2023 թ․ մարտին(տվյալները հրապարակվել
են 2023 թ․ մայիսին)։
Ըստ IRI -ի՝ Նիկոլ Փաշինյանի անձնական
վարկանիշը 16% էր, Ռոբերտ Քոչարյանինը՝ 2%, Ալեն Սիմոնյանինը նույնպես 2%։ Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ի
օգտին կքվեարկեր 21%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4%-ը, «Դոգ»-ի «Հանրային ձայն»-ի
օգտին՝ 2%-ը, ՀՅԴ-ի՝ 1%-ը, ՀՀԿ-ի՝ 1%-ը:
Դատելով այս տվյալներից՝ ՀՅԴ-ն 2023 թվականի մարտի դրությամբ ավելի ցածր վարկանիշ
է ունեցել, քան ներկայացրել է Ալեն Սիմոնյանը՝ այն, փաստրեն, դեռ մի բան էլ ավելացրել
է 1 տոկոսով։
Ի դեպ, օրերս նույն այս կազմակերպությունը հրապարակել է հերթական հարցման տվյալները,
ըստ որոնց՝ հայաստանցիների 16 տոկոսի համար վստահելի գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն
է, նրա վարկանիշն, ի տարբերություն 23-ի սկզբին անցկացված հարցումների, ավելացել է
2 տոկոսով։ 4-ական տոկոսի համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն»
կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանն են վստահելի, 2 տոկոսը վստահում է ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանին, ևս 2 տոկոսը՝ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ
Քոչարյանին։
Որ կուսակցությանը կամ դաշիքին
կտայիք Ձեր ձայնը հարցին պատասխանելիս 20 տոկոսը իշխող ուժն է նշել՝ «Քաղաքացիական
պայմանագիր»-ը՝ այս ցուցանիշը 3 տոկոսով ավելացնելով նախորդ՝ գարնանը հրապարակված հարցման
տվյալների համեմատ, 3 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը, 2 տոկոսը՝
«Իմ քայլը» դաշինքը (խոսքը 2018-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած
դաշինքի մասին է)։ Ընդդիմադիր «Հայաստան դաշինք»-ին ու նախկին իշխող ուժին՝ ՀՀԿ-ին
իր ձայնը կտար հարցվածների 2-ական տոկոսը։
Եթե «Հայաստան» դաշինքի վարկանիշը պրոյեկցենք ՀՅԴ-ի վրա, ապա հայ ավանդական 134 ամյա
կուսակցությունն ունի․․․․ընդամենը 2 տոկոս վստահություն։
Իրոք, վիրավորվելու աստիճան ցածր վարկանիշ է։ Հենց այստեղ պետք է փնտրել ՀՅԴ-ի
խռովկան ու միաժամանակ ագրեսիվ վարքագծի պատառները։ Մարդիկ «նյարդանում են» (ինչպես
կասեր Ռ․Քոչարյանը) ժողովրդի ադեկվատ վերաբերմունքից։
Լուսանկարը՝ panorama.am-ի
Հ․Մանուկյան