«Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունների արդյունքում արդեն իսկ առաջընթաց կա, բայց Բայդենի նամակը շատ կարևոր է, որ իրենք պատրաստակամ են աջակից լինելու ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Միջազգային մեր գործընկերները այդպիսով նաև մեզ օգնում են, որ խուսափենք էսկալացիայից»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի՝ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներին ուղարկած նամակներին, որոնցում պատրաստակամություն էր հայտնել աջակցել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմությունը
ցանկանում էր վիժեցնել սահմանազատման գործընթացը և ՀՀ-ն տանել միութենական պետություն,
իսկ իրենք էլ դառնային գուբեռնատոր. «Ընդդիմությանը պետք էլ չի անկախ ու ժողովրդավար
պետություն, իրենք ուզում են մի իրավիճակ, երբ լինեն անվտանգային ռիսկերի լուրջ խնդիրներ,
ու իրենք էլ ՀՀ-ն տանեն սկուտեղի վրա մատուցեն միութենական պետությանը»։
Պատգամավորը կարծում է, որ ընդդիմությանը
մնացել է վերջին հնարավորությունը Հայաստանի վզին թոկ գցելու համար. վիժեցնել սահմանազատման
գործընթացը։ Ըստ նրա՝ ընդդիմությունը Ալիևի հետ պասերով խաղում է, դրա համար էլ սահմանազատման գործընթացը տորպեդահարում են։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան