Արծվիկ Մինասյանը չի՞ կարդացել ՀՅԴ 004 շրջաբերականը. Եթե կարդացած լիներ, չէր կեղծի՝ կեղծիքի մեջ մեղադրելով ուրիշներին

Վերջին օրերին սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգի քննարկման համատեքստում վերստին ակտուալ է ՀՅԴ-ի՝ մեծ աղմուկ հանած 004 շրջաբերականն ու դրանում տեղ գտած ձևակերպումը մասնավորապես սահմանազատման գործընթացի   վերաբերյալ։ ՀՅԴ-ն, ինչպես հայտնի է, խստիվ «դեմ կըլլա» երկիր հայրենիի սահմանազատմանն ու համարում է, որ այն, ինչպես նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը «երբեք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»։ Ասել կուզի՝ Պուտինի հովանու ներքո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրագործումը ևս ՀՅԴ-ի քիմքին հաճո չէ։ Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, բնականաբար, ենթադրում է նաև Թուրքիայի հետ հաղորդակցություն, սահմանի բացում, մինչդեռ այն, ինչը կապված է թուրքերի ու Թուրքիայի հետ, ինչպես գիտենք, ՀՅԴ-ական մորալն ու աշխարհընկալումը համարում են  մահացու վտանգ և վիրավորանք ՀՀ-ի ու հայության հասցեին։ Ինչևէ։  


Այս՝ ներքին օգտագործման փաստաթղթի վերաբերյալ, ի դեպ, այս ընթացքում մի շարք ՀՅԴ-ականներ են արտահայտվել, մի մասը՝ «նո քոմենթ»-ի ժանրում, մի   մասը հերքել է դրա իսկությունը, մյուս մասն էլ  ընդունել է, որ այն իրոք կա, գոյություն ունի, ավելին՝ լրացուցիչ պարզաբանել («կրուտիտ»-ի ժանրում) դրանում տեղ գտած մի շարք խնդրահարույց ձևակերպումներ։


«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նախօրեին Հ1-ի եթերում պնդում էր, որ շրջաբերականից քաղված մեջբերումները, որոնք  ներկայացված են ԶԼՄ-ներում, «կոնտեքստից կտրված են», «խեղաթյուրված»։ «Այլանդակությունը հասել է ընդեղ, որ փաստաթղթում կարող է լինել պետականության՝ կարմիր թելով անցնող գործողություններ՝ պետականությունն ուժեղացնող, և վերցնում են, էդ կարմիր թելերը ջնջում հանում են, մի հատ բառ են ընդեղ ավելացնում, և էդ բառի ներքո ստացվոում է, որ էս ազգային ուժը ինչ-որ մի ապազգային ուժ դարձավ»,- ի լուր հանրության ազդարարում էր պարոն Մինասյանը։  Երբ հաղորդավար Պետրոս Ղազարյանը ընթերցեց մասնավորապես սահմանազատմանը վերաբերող հատվածն ու հարց հղեց՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, ՀՅԴ-ական գործիչը  կտրուկ արձագանքեց՝ «ոչ, չկա նման բան»։ Ապա հավելեց. «Որովհետև դրան նախորդում են սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ իշխանության մոտեցումները, և դա գրվում է՝ էդ դեպքում ճիշտ չէ։ ...Այ եթե դուք կարդաք դրա վերևինը, ի դեպ, դա նույնպես հրապարակվել է...»։ Երբ Ղազարյանն առաջարկեց հրապարակել փաստաթուղթն ու անարգանքի սյունին գամել շրջաբերականը կեղծող-խեղաթյուրողներին, Մինասյանն իրար անցած պատասխանեց՝ «բա ամեն օր էդ ենք անում, էդ փաստաթուղթը դուք եք հրապարակել՝ կեղծելով»։


Պարոն Մինասյանին լուսավորենք՝ այդ շրջաբերականն առաջինը հրապարակել է civic.am-ը, իսկ  ինչ վերաբերում է կեղծել-խեղաթյուրելուն, ապա նկատենք՝ դրա առանձին հատվածների վերաբերյալ վերլուծությունից հետո հրապարակել ենք նաև  փաստաթուղթն ամբողջությամբ՝ ընթերցողին հնարավորություն տալով ծանոթանալ բնօրինակին ու անել սեփական հետևությունները։ Մենք էլ, ի դեպ, անենք մեր հետևությունները պարոն Մինասյանի հարցազրույցի վերոհիշյալ  դրվագի մասին՝ արձանագրելով՝  ուրիշներին խեղաթյուրելու մեջ մեղադրող «Հայաստան» խմբակցության քարտուղարն ինքն է  խեղաթյուրում իրականությունը, եթե կուզեք՝ ստում է, պնդելով,  որ «նման ձևակերպում»՝ սահմանազատման վերաբերյալ, չկա շրջաբերականում։ Այդ մեջբերումը  տեղ է գտել փաստաթղթի Դ.3. գլխի 7-րդ պարբերության մեջ։ Գլխի խորագիրն է. «ՀՀ արտաքին քաղաքականության հարցեր և շահերի հետապնդում»։  «Սահմանազատման, սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը երբեք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ուստի անհրաժեշտ է վիժեցնել այդ գործընթացը, իսկ նվազագույնը՝ խոչընդոտներ ստեղծել այդ գործընթացն առաջ մղելու ճանապարհին»։ Պարզ, հստակ, հասկանալի։ Ի դեպ, կոնտեքստի և դրանից կտրել-խեղաթյուրելու մասին։ Շրջաբերականը ոչ գեղարվեստական գրականություն է, ոչ ծննդյան շնորհավորանք, ոչ էլ կոնդակ կամ հռչակագիր, որ դրանից  մեջբերում  անելիս մեջբերողը առաջնորդվի կոնտեքստը վերարտադրելու սկզբունքով։ Շրջաբերականը կարճ՝ մեկ-երկու նախադասությամբ ձևակերպված և իրար հաջորդող  սուբյեկտիվ, նեղկուսակցական արձանագրումների,  դիտարկումների, հետևությունների և կուսակցականներին ուղղված ցուցումների ամբողջություն է։ Եվ առանձին վերցված որևէ դրույթ, ցուցում կամ արձանագրում եթե վերլուծվում  է «կոնտեքստից կտրելով», ապա Մինասյանի վերլուծաբան գործընկերներն էլ կհավաստեն՝ դրանից   սույն փաստաթղթի ընդհանուր կոնտեքստը չի փոխվում։     

 

Ինչ վերաբերում է պարոն Մինասյանի այն պնդմանը, թե սահմանազատմանը վերաբերող  դրույթից առաջ նկարագրված են «սահմանազատման վերաբերյալ իշխանության մոտեցումները» (Հ1-ի հյուրը այսպիսով փորձում էր համոզել, թե սահմանազատման գործընթացն իրենց համար մտահոգիչ, անընդունելի է եղել, դրա համար էլ այդպիսի դրույթ են շարադրել շրջաբերականում),  ապա նկատենք՝ ընդդիմադիր պատգամավորը  այս մասով էլ է կեղծում՝ որևէ բառ կամ տող սահմանազատման մասին նախորդող հատվածում առկա չէ։ Ավելին ասենք՝ սույն շրջաբերականը ծնունդ է առել դեռևս սահմանազատման գործընթացի մեկնարկից շատ առաջ՝ 2022 թվականին, թվագրված է ապրիլի 7-ով, իսկ այդ ժամանակ դեռևս  ձևավորված չէր սահմանազատման հանձնաժողովը, առավել ևս՝ խոսք չկար կանոնակարգի մասին, ուր մնաց թե՝  դրա անընդունելի լինելու մասին։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ի մայիսի 23-ին է որոշում  ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։

Հարկ է նկատել, որ ընկեր դաշնակցականները սահմանազատմանն առնչվող դրույթից առաջ, որպես «արտաքին քաղաքականության հարց ու շահերի հետապնդում», կարևորել են նախևառաջ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցը։ «Հայ-ռուսական հարաբերություններն ու համագործակցությունը պետք է իրականացվեն իրավունքների փոխադարձ հարգման և փոխվստահության սկզբունքի վրա։ Նկատի ունենալով Հարավային Կովկասում Ռուսաստանի յուրահատուկ տեղն ու դերը՝ հայ-ռուսական և Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական վտանգված հարաբերությունների վերականգնումն ու վերաորակավորումը ազգային անվտանգության դիտանկյունից կարևոր նշանակություն ունեն»։  ՀԱՊԿ-ի հետ ռազմավարական վտանգված հարաբերություններ»  ասելով տեսնես ՀՅԴ-ն ի՞նչ է նկատի ունեցել։ Որքան հիշում ենք՝ այս շրջաբերականի ի հայտ գալուց առաջ՝ 2021-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, ՀԱՊԿ կոչեցյալ կառույցը մատը մատին չխփեց։ Այս՝ անգործունակ, բուտաֆորիկ  կառույցի հետ հարաբերությունների վերաորակումը, փաստորեն, ինչպես 2022-ին՝ սույն շրջաբերականի ի հայտ գալու պահին, այնպես էլ այժմ ՀՅԴ-ի համար մնում է կարևոր, օրակարգային հարց (այն դեպքում, երբ ՀՀ-ն սառեցրել է իր աշխատանքներն այդ կառույցում)։ Վկայությունը՝ Արմեն Ռուստամյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին, երբ տեղի են ունենում  Կառավարության ծրագրի կատարողականների քննարկումները։  


Նկատենք, որ սահմանազատմանն առնչվող դրույթից առաջ ՀՅԴ Բյուրոն իր շարքերին մի քանի այլ իրողությունների մասին էլ է լուսավորում և ցուցումներ հղում, դարձյալ՝ ընդդիմանալու, «վիժեցնելու» համատեքստում։ Մասնավորապես. «Որպես Հայաստանի թրքացմանը տանող ազդակի և Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային շահերին սպառնացող վտանգի՝ ընդդիմանալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անվան տակ ՀՀ իշխանությունների ապազգային և զիջողական քաղաքականությանը և բոլոր միջոցներով ու ուժերով կանխել մեր պահանջատիրությանը հարվածող այդ հարաբերություններից բխող բոլոր վտանգները»։ Քիչ ավելի վերևում՝ Ցեղասպանությանն առնչվող խորագրի ներքո էլ կարդում ենք. «Պայքարել հայության պահանջատիրական ոգին կոտրելու նպատակ հետապնդող ներքին և արտաքին ուժերի դեմ  և քննարկումների սեղանին պահել Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը (Արա Պապյանի ականջը կանչի)։ Ցեղասպանության հատուցումը ընկալել ու մատուցել իբրև անկախ պետականության լինելիության և գոյատևման երաշխիք։ Ներհայկական քարոզչական և դաստիարակչական ծավալուն աշխատանքով համոզիչ դարձնել հատուցման մարդկային և քաղաքական նշանակությունը, ինչպեսև պանթուրանական ծրագիր հետապնդող Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալու ազգային և տնտեսական վտանգը»։


Արդեն հասկանալի է, թե ինչու էր այս շրջաբերականից մի քանի շաբաթ հետո  մեկնարկած «զարթնիր լաո»-ական՝  Դիմադրության շարժման լոզունգը  «ոչ թրքացմանը»-ը, Նիկոլ Փաշինյանին ուղղված «հաճոյախոսությունն» էլ՝  «թուրք Նիկոլ»-ը, դե իսկ շարժմանը չմիացածներին տրված գնահատականը՝ «թուրքի եթիմ»-ը։


Ամփոփելով շրջաբերականի մասնավորապես սահմանազատմանն առնչվող  դրույթի վերաբերյալ ՀՅԴ-ական գործչի  դիտարկումների  վերաբերյալ մեր ասելիքը՝ նկատենք՝ պարոն Մինասյանը հաջորդ անգամ Հ1-ի ստուդիա գնալուց առաջ թերևս պետք է խորազնին ուսումնասիրի  սեփական կուսակցության ներքին թղթերը, որպեսզի  կոնֆուզի մեջ չհայտնվի։


Հ. Մանուկյան 


Լուսանկարը՝ panorama.am-ի