ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին դեսպանը գրել է X-ի իր էջում։
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատիվ արեց ընդունելու ինձ։ Մտքեր փոխանակեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ»,- գրել է Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար։
Առաջին նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է, որ դեսպանի խնդրանքով Նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։