Որոշ ընդդիմադիրներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, բոլորի «դուխով» նկարները հիշում ենք․ Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր դժգոհությունը հայտնեց որոշ ընդդիմադիր գործիչների, շրջանակների պահվածքի վերաբերյալ: 


Մամիջանյանն իր տեսակետը հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: 


Ընդդիմադիր պատգամավորը կարևորեց, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը: Նա վստահեցրեց, որ «Հանրապետական» կուսակցությունը չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար:


Նա ընդգծեց՝ ցավոք, ժամանակ առ ժամանակ որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու, քան իրենց հիմնական առաքելության՝ իշխանությանը հեռացնելու համար: «Մենք դրան վերաբերվում ենք ներողամտաբար, որովհետև, որպես կանոն, ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է: Որպես կանոն՝ թույլերն են փորձում ճանկռել ուժեղին: Ժամանակ առ ժամանակ մեզ հունից հանում են, և մենք ստիպված ենք լինում յուրաքանչյուրին հիշեցնել, թե ով է եղել ինքն իշխանափոխության ժամանակ»,-ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ հիշում են բոլորի «դուխով» նկարները, հրապարակից բոլորի սելֆիները, սակայն ընդհանուր գործի համար պատրաստ են այս պահին դրան ուշադրություն չդարձնել:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1203194