Գառնիում զբոսաշրջիկների պակաս չի զգացվում. համայնքը բուռն զարգացում է ապրում

Կոտայքի մարզի Գառնի համայնքում, ինչպես և հանրապետության բազմաթիվ բնակավայրերում ինտենսիվ կերպով ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները։


Գառնի խոշորացված համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 2024 թվականի համար Գառնի համայնքում անցկացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 600 միլիոն դրամ։ Դրանց մեջ են մտնում ասֆալտապատումը, գազիֆիկացումը, ջրագծերի անցկացումը, մայթերի սալապատումը և ջրահեռացման բաքերի տեղադրումը։


Ամբողջ ամռան ընթացքում Գառնիում իրականացվում էին ջրագծերի փոփոխման, նոր կոյուղագծերի անցկացման և ասֆալտապատման աշխատանքներ, ինչը բնականորեն որոշակիորեն սահմանափակել էր բնակիչների տեղաշարժը։ Այս առնչությամբ համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում հայցեց բնակիչների ներողամտությունը՝ նշելով, սակայն, որ այդ ամենը ժամանակավոր է, և ամեն ինչ արվում է հանուն բնակիչների հարմարավետության։


 «Շինարարական աշխատանքների ժամանակ ցանկացած շինհրապարակ լինում է փոշոտ, բնակիչներին անհանգստություն ենք պատճառում, բայց կարևորը հիմա ունենք ավելի բարեկարգ ճանապարհներ և մայթեր, փողոցներ։ Հիմնականում շեշտը դրել ենք, որ ավելի բարեկարգենք ճանապարհները։ Երկրորդական փողոցներում բավականին աշխատանքներ արվել են, մնում է մյուս փողոցների բարեկարգումը, որոնք գրեթե ավարտում ենք»,- ասաց համայնքապետը։


Ներկա պահին Գառնիում երկրորդական փողոցներից մեկում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, որի մի մասն իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, մյուս մասը՝ սուբվենցիոն ծրագրով։ Ի հավելումն համայնքի ղեկավարն իր շնորհակալությունը հայտնեց մարզպետարանին և կառավարությանը իրենց բոլոր հարցերում աջակցելու և սատարելու համար։


Մենք զրուցել ենք նաև Գառնիի բնակիչների հետ, նրանք կատարված աշխատանքներից գոհ են և նշում են, որ այս ծավալի աշխատանքներ համայնքում գրեթե չեն կատարվել։


Գառնի խոշորացված համայնքում «Էլաշին» ՍՊԸ-ն սուբվենցիոն ծրագրով իրականացնում է ասֆալտապատման և ջրագծերի կառուցման աշխատանքներ։ Գողթ բնակավայրում ջրագծի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, ներկայումս իրականացնում են դեպի կենտրոնական հատված գնացող փողոցի ասֆալտապատման աշխատանքները։


Մենք զրուցել ենք նաև Գառնի համայնքի Գեղարդ գյուղի վարչական ղեկավար Հարություն Հարությունյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում գյուղի չգազիֆիկացված փողոցներում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ։


Գեղարդ գյուղում ևս բնակիչները կատարվող աշխատանքներից գոհ են։


Նշենք, որ Գառնի համայնքը համարվում է ակտիվ զբոսաշրջային գոտի, և, ինչպես վստահեցնում են համայնքի պատասխանատուները, այս տարի ևս զբոսաշրջիկների պակաս չի զգացվել։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան