Հայաստանը կարող է առաջարկով դիմել Վրաստանի իշխանություններին՝ ձևավորել հայ-վրացական տանդեմ

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և հաղթեց իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով ընտրողների ձայների  53 տոկոսը, իսկ ընդդիմությունը գումարային հաշվարկով ունի 38 տոկոս ձայներից մի փոքր ավելի։ Ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները և այսօր երեկոյան Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացնելու։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։


«Ինձ համար Վրաստանի ընտրությունները մեծ անորոշություններ ունեին, և կարծում եմ՝ քվեարկության արդյունքներն էլ դրա մասին էին, որովհետև տարբերությունները շատ մեծ չէին՝ երկու-երեք տոկոս է. եթե վերցնենք չորս ընդդիմադիր խմբակցությունների և իշխող կուսակցության հավաքած ձայները, տարբերությունը շատ մեծ չէ։  Պատկերը նաև բավականին անորոշ էր մինչև ընտրությունները։ Ես կարծում եմ՝ Հայաստանի համար ավելի լավ ելքն այն կլիներ, որ Վրաստանում իշխանության գային ավելի մեծ եվրոպական հավակնություններ և ձգտումներ ունեցող թիմերը՝ ընդդիմությունը, որովհետև դա չափազանց կարևոր է, առավել ևս հիմա, երբ Հայաստանը հռչակել է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն, և իր համար տարբեր ազիմուտներով աշխարհի հետ կապվելու անհրաժեշտություն կա, Վրաստանը մեր երկու ելքերից մեկն է, ելից դուռն է դեպի աշխարհ։ Նախկինում այդ տարածքը պրոռուսական քաղաքականության շրջանակներում դիտարկվում էր  ավելի շատ որպես Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ կապող տարածք»,- ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ  վերջին շրջանում, իր ասած, Հայաստանի դիվերսիֆիկացիոն քաղաքականության շրջանակներում չափազանց առանցքային է դառնում այդ ելքի դուռը այն առումով, որ այն նաև ԵՄ-ի հետ կապող օղակն է, իսկ Հայաստանի հասարակության մոտ հատկապես պատերազմից, Արցախի բռնակցումից և էթնիկ զտումից հետո ակնհայտ են փոփոխությունները, և հասարակության ցանկությունն է Հայաստանը տեսնել  եվրոպական ընտանիքի անդամ: Այս կապակցությամբ իհարկե Վրաստանը և Վրաստանի ընտրությունները  առանցքային նշանակություն ունեին մեզ համար։


«Այդ խնդիրներն ավելի արագ կլուծվեին, եթե իշխանության գար ընդդիմությունը, բայց, ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Եվ երկրորդ տարբերակ՝ գործող իշխանությունն է, որը վերարտադրվում է, անկախ նրանից՝ ինչպես կավարտվեն հետընտրական զարգացումները, քանի որ դրանք իհարկե մտահոգիչ տարր ունեն, այն իմաստով, որ Վրաստանը, ցավոք սրտի, նաև ունի քաղաքացիական պատերազմի փորձառություն և նախադեպ։ Աստված տա՝ այդ անկայունությունները չլինեն այդ երկրում, բայց բոլոր դեպքերում, եթե նույնիսկ երկրորդ զարգացման սցենարն ենք նայում, այսինքն՝ գործող իշխանության վերարտադրում, ապա այս պարագայում դրա դրական կողմերից մեկն այն է, որ Հայաստանի և Վրաստանի այս իշխանությունների միջև կա արդեն ձևակերպված օրակարգ»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան