Որևէ ընտրությունով պայմանավորել ՀՀ գոյությունը քաղաքական բայղուշության վառ դրսևորում է

Վրաստանում կատարվածը կանխատեսելի էր։ Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Քամալյանը։ Civic.am-ի եթերում նա նշեց, որ հետագա զարգացումները կախված են Վրաստանի քաղաքացիներից՝ անկախ նրանից, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը։


Քաղաքագետը նկատեց, որ ԵՄ-ն ռադիկալ գնահատականներ չի տալիս ընտրություններին։ Եթե ընդդիմությունը ձախողի, ԵՄ-ն շարունակելու է աշխատել այս իշխանությունների հետ։


Անդրադառնալով Հայաստանի վրա ազդեցությանը ու դրա մասին գնահատականներին՝ Գագիկ Քամալյանն ասաց, որ բնականաբար դա ռեգիոնալ ազդեցություն ունի, սակայն երբեմն դրանք խիստ չափազանցված են ու գույները խտացված։


«Հայկական քաղաքական իրականությունը իրարից տարբերվող ծայրաստիճան գնահատականներ է տալիս։ Երկու տարբեր բևեռներ ապոկալիպտիկ կանխատեսումներ են անում։ Բնականաբար Վրաստանի ընտրությունները ռեգիոնալ նշանակություն ունեն, ԱՄՆ, Ռուսաստանի, ԵՄ ընտրությունները գլոբալ ազդեցություն ունեն, բայց սրանով պայմանավորել Հայաստանի գոյությունը՝ քաղաքական բայղուշության, քաղաքական պեսիմիզմի վառ դրսևորումներ են, որոնք բնորոշ են ապաքաղաքական հասարակություններին»,- ասաց Քամալյանը։


Ու չնայած Վրաստանը, ըստ նրա,  նահանջ է կատարել դեմոկրատական արժեքներից, այնուամենայնիվ վերարտադրված իշխանությունը գեոպոլիտիկ կտրուկ անցումներ չի կատարի։ Արևմուտքն էլ հազիվ թե կամուրջները այրի Վրաստանի հետ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։


Քաղաքագետը կարևորեց Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները՝ նկատելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի համար՝ անկախ նրանից, թե Վրաստանում ինչ համակարգ կլինի։


«Ծայրահեղ ռուսամետ և ծայրահեղ արևմտյան ուժերի միջև մրցակցությունը բերում է պարալոգիկ պատկերացումների, որը ուղղակի տրամաբանական խոտան է։ Հայաստանը գլոբալ առումով ինչ-որ արժեքային համակարգ քարոզող ու ազդեցություն ունեցող երկիր չէ։  Հայաստանը ուղղակի պետք է առաջնորդվի իր նեղ շահերով։ Նույն Արևմուտքը ևս դրանից ինչ-որ վերաբերմունք չի բխեցնելու Հայաստանի հանդեպ։ Նույնը վերաբերում է Ռուսաստանի կողմնակիցների այն մոտեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը Ալիևից 5 րոպե ուշ շնորհավորեց, ու դա վատ է։ Դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է։ Դա քաղաքական մտքի դեգրադացիայի արդյունք է»,- ասաց Քամալյանը։


Անդրադառնալով հայաստանյան ընդդիմության վարքագծին ու մոտեցումներին՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ, Քամալյանն ասաց, որ նրանք երբեք ժողովրդավարությունը չեն կարևորում, նրանք ընդունում են 3-րդ աշխարհի երկրներում ընդունված խաղի կանոնները, բարքերը, որտեղ կա դիկտատոր, որտեղ ժողովրդի կարծիքը պետք է հաշվի չառնել։


«Այսպիսի ընդդիմությունը երբեք ու երբեք չի կարող արժևորել ժողովրդավարությունը։ Նրանց համար կարևորը ռևանշի հասնելն է, իշխանության գալը, ու կարևոր չէ, թե ինչպիսի Հայաստան է դա լինելու՝ այդ Հայաստանը Միութենական պետության մա՞ս է լինելու, թե՞ ընդհանրապես գոյություն չի ունենալու որպես անկախ միավոր։ Չեմ սիրում այդպիսի բառեր օգտագործել, բայց այս մարդկանց գործողություններում իրոք կան գործակալական հակումներ, ինչը շատ տեսանելի է։ Դա տեսնելու համար պետք չէ շատ բան հասկանալ քաղաքականությունից»,- նշեց Քամալյանը։


Նա հավելեց, որ պետք է Վրաստանը ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա։ Պետք չէ նաև արևմտամետ ուժերի նման կապրիզներով առաջնորդվել։ Հայաստանի համար Վրաստանն ունի ռազմավարական նշանակություն՝ այնպես, ինչպես Իրանը, չնայած նրան, որ այն կրոնական պետություն է։


«Դրա համար եմ կարևորում, որ վաղ թե ուշ մեզ խիստ անհրաժեշտ է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Դա կլինի հակակշիռ, որը մեզ անհրաժեշտ է՝ անկախ նրանից, թե Թուրքիայում «քեմալիստնե՞րը» կլինեն իշխանության, թե՞ կայսերապաշտները, ինչպես որոշակի առումով կարելի է բնորոշել Էրդողանին»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան