Դատարան է ուղարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որով ամբաստանվում են «Ազգային-ժողովրդական բևեռ»-ի անդամներ Ստեփան Գեղամի Հովակիմյանը, Վարդգես Վարդգեսի Գևորգյանը, Արթուր Զարմաիլի Մովսիսյանը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Հիշյալ անձինք մեղադրվում են այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և փոխադրել են ռազմամթերք հանդիսացող 8 հատ ձեռքի մարտական նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և դրանցից 6-ի օգտագործմամբ կատարել ահաբեկչություն:
Վարույթի դատավարական նախապատմությունից մասնավորապես
տեղեկանում ենք, որ 2024 թվականի մարտի 24-ին 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում
երեք տղամարդ՝ յուրաքանչյուրի ձեռքին երկուական նռնակին նմանվող պայթուցիկ սարքեր,
մոտեցել են Ոստիկանության հիշյալ բաժնի հերթապահ մասի պատուհանին, որից հետո նրանցից
մեկը պահանջել էր ազատել հերթապահ մասը՝ ասելով,
որ իրենք պատրաստվում են ՀՀ-ում հեղափոխություն իրականացնել: Հակառակ դեպքում սպառնացել
են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը: Հիշյալ պահանջը լսելուց անմիջապես հետո,
հասկանալով դրա իրական սպառնալիքը, փակել են հերթապահ մասի բաց պատուհանը, որից հետո
սպառնալիք հնչեցնող տղամարդն իր ձեռքի նռնակներից մեկը նետել է պատուհանի ուղղությամբ,
ինչի արդյունքում նռնակը պայթել է ոստիկանության վարչական շենքի՝ հերթապահ մասի մուտքի
դռան դիմաց. վնասվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ
մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, ինչպես նաև այդ հատվածում գտնվող
գույքը: Պայթյունի հետևանքով Վարդգես Գևորգյանը և Արթուր Մովսիսյանը ստացել են մարմնական
վնասվածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ստեփան
Հովակիմյանը, շարունակելով իր և հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված գործողությունները,
նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի
վարչական շենքը, որից հետո վնասազերծվել և զինաթափվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Վարդգես Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի
ժամկետը դատարանը որոշել է երկարաձգել մինչև
2025 թվականի հունվարի 24-ը, Ստեփան Հովակիմյանի կալանքի ժամկետը՝ մինչև 2025 թվականի փետրվարի
24-ը, Արթուր Մովսիսյանի կալանքի ժամկետն էլ երկարաձգվել է մինչև 2025 թվականի փետրվարի
1-ը:
Սույն գործով դատավորը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն է։
Հիշեցնենք, որ այս գործողությունները կատարվեցին այն շրջանում,
երբ պետք է մեկնարկեին ՀՀ Տավուշի մարզի հատվածում սահմանազատման աշխատանքները, և ընդդիմադիր դաշտի
որոշ շրջանակներ սկսեցին տարբեր ակցիաներ իրականացնել գործընթացը թույլ չտալու համար։
Թեև այս միջադեպի հեղինակները
նույն օրը առավոտյան բերման ենթարկված՝ «Մարտական եղբայրության» անդամներին որպես համախոհ
էին ներկայացվում, սակայն միջադեպից անմիջապես հետո Միաբանությունից հայտարարեցին՝
որևէ կապ չունեն ո՛չ ոստիկանություն ներխուժած մարդկանց, ո՛չ էլ «Ազգային-ժողովրդական
բևեռի» հետ։ «Մարտական եղբայրությունը» տեղի ունեցածը կտրուկ դատապարտել էր և հայտարարել՝
մերժում է «ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն»։
Հ. Մ.