«Բազմաթիվ միջազգային պայմանագրեր
կան, որոնց կարևոր պայմանն է տարածաշրջանային համագործակցությունը, խաղաղությունը։
Արևմուտքի ու միջինասիական երկրների էներգետիկ համագործակցության, Թուրքիայի, ՀՀ-ի
ու Ադրբեջանի տարածքներով անցնելու համար հարկավոր է խաղաղություն։ Չի կարող Արևմուտքը
հսկայական ներդրումներ անել ոչ ստաբիլ ու պատերազմական իրավիճակում գտնվող տարածաշրջանում։
Թուրքիան այս իմաստով, որպես տարածաշրջանային խոշոր խաղացող, հատկապես, որ Թուրքիայում
բավականին ծանր իրավիճակ է, այդ խաղաղությունը ցանկանում է կնքել, որպեսզի կարողանա լրացուցիչ հնարավորություններ
ձևավորել իր ժողովրդի բարեկեցության համար»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորմանը ու Թուրքիայի դերակատարմանը այդ գործընթացում։
Ըստ Բագրատյանի՝ Էրդողանը պատրաստ
է իր երկրի բարեկեցության համար ջանքեր ներդնել, որ խաղաղության պայմանագիրը կնքվի.
«Արևելք-Արևմուտք, այսինքն՝ միջինասիական երկրներից Եվրոպա ծրագիրը ենթադրում է էներգետիկ և ոչ էներգետիկ ռեսուրսների փոխադրում։ Տարիներ շարունակ դա արվել է ՌԴ-ի միջոցով, ու հիմա
ՌԴ-ով երկար ճանապարհ անցնելու փոխարեն երկրները նախընտրում են ավելի կարճ ու նախընտրելի
ճանապարհով, այսինքն՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով»։
Պատգամավորի կարծիքով՝ չկա միջնորդ, որը չցանկանա ստանալ շահ, և Ադրբեջանի
հետ երկկողմ բանակցությունները արդյունավետ են. «Ես կողմ եմ, որ միջազգային մեր գործընկերները
անվտանգության երաշխավոր լինեն, բայց այդ խոշոր
նախագծերն ու պայմանագրերն են երաշխավորությունները»:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի
անվտանգային համակարգի 80 և ավելի տոկոսը այդ միջազգային ծրագրերն ու պայմանագրերն
են, և եթե ՀՀ-ում ևս մեծ ներդրումներ լինեն, ու Հայաստանը մաս կազմի լոգիստիկ ծրագրերին,
ապա դա մեծապես կնպաստի ՀՀ անվտանգությանը՝ և ուղիղ իմաստով, և ֆինանսական նոր հնարավորւթյուններ
ստեղծելու իմաստով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան