Հայաստանը ստիպված է աշխատել ցանկացած Վրաստանի հետ․ Փաշինյանի շնորհավորանքը ճիշտ էր

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

 

«Անմիջապես ընտրությունների գործընթացը սկսելուց հետո կանխատեսելի էր, որ նման հայտարարություն է լինելու ԿԸՀ-ի կողմից։ Դա խորը վերլուծական գիտելիքներ ունենալու արդյունք չէ, դա արդյունք է սեփական փորձի, քանի որ նման գործընթացներ մենք երկար տարիներ ունեցել ենք ՀՀ-ում, մինչև 2018 թվականը։ Այն, ինչ տեղի էր ունենում Վրաստանի ընտրական տեղամասերում, ակնհայտորեն նման էր նրան, ինչ տեղի էր ունենում Հայաստանի ընտրական տեղամասերում: Եվ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ամբողջապես կրկնեց այն, ինչ այդ ժամանակ լինում էր Հայաստանում։ Եվ արդյունքում սպասելի էր, որ Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարելու է 50-ից ավելի տոկոսի մասին, ինչը նշանակում էր մեծամասնություն, և սպասելի էր նաև, որ ընդդիմությունը համաձայն չի լինելու այդ արդյունքների հետ»,- ասաց քաղաքագետը։


 Հայտնելով նաև իր կարծիքը այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, Ռոբերտ Ղևոնդյանը դա նորմալ համարեց։  


«Հայաստանը ստիպված է աշխատել Վրաստանի ցանկացած իշխանության հետ, անկախ նրանից՝ Վրաստանի այդ իշխանությունն ինչ արտաքին կողմնորոշում կունենա, ինչպիսին կլինի ներքին քաղաքականությունը, ինչպիսի ռեժիմ կգործի Վրաստանում, Հայաստանը չունի այլընտրանք։ Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները մշտապես պետք է հիմնված լինեն երկու պետությունների շահերի համադրման վրա։ Եվ Հայաստանի վարչապետը՝ անկախ նրանից, թե ով կընտրվեր, պետք է շնորհավորեր. պետք էր սպասել ԿԸՀ-ի կողմից պաշտոնական տվյալների հրապարակմանը, ինչը տեղի ունեցավ, և դրանից հետո շնորհավորել, այլ ոչ թե շտապել, ինչպես, օրինակ, Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Անհրաժեշտ է նշել, որ սա Հայաստանի ցանկացած իշխանության ռացիոնալ գործողությունն է»,- հավելեց Ռոբերտ Ղևոնդյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան