Ուրախ եմ, որ իմ երկրում կարողանում եմ գումար վաստակել զբաղվելով սիրածս աշխատանքով և պատրաստ եմ վճարել բոլոր հարկերս․ Կամո Թովմասյան

Բլոգեր Կամո Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քանի որ այս օրերին մամուլում շրջանառվում է բլոգերների հարկ վճարման թեման, և քանի որ երկրորդ օրն է ինձ հետ կապ են հաստատում տարբեր մեդիայի ներկայացուցիչներ և հրավիրում հարցազրույցի այս թեմայով, տեղադրում եմ փոքրիկ փոստ, որտեղ հայտնում եմ իմ կարծիքը թեմայի շուրջ: Այո, մեզ հետ հանդիպել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնյա անձինք, ովքեր ներկայացրեցին հաջորդ տարվա հարկային դաշտում փոփոխությունները բոլորի՝ այդ թվում և բլգոերների, ինֆլյուենսերների համար:


Ես առաջին հայ լրագրող-բլոգերն եմ, որ 2014թ.-ից վճարում է հարկ որպես բլոգեր` Kamoblog.TV կայքը գրանցելով հարկային դաշտում: Եթե կա այլ բլոգեր ով ավելի վաղ վճարել է հարկ, խնդրեմ, կարող է գրել, վստահ եմ չկա, քանի որ այս դաշտում կոմերցիոն պատվերներ ոչ մի բլոգեր դեռ չուներ: Այժմ ես վճարում եմ 5% հարկ Կամո Թովմասյան ԱՁ շրջանառությամբ, որը հունվար ամսից, ինչպես հասկացա հանդիպման ընթացքում դառնալու է 10% (և կարող ես նաև ներկայացնել որոշ ծախսեր): Իհարկե այս ամենով զբաղվում է իմ հաշվապահը՝ Ջուլիետան, ես չեմ հասկանում այս ամենից և վստահում եմ իմ հաշվապահին:


Քանի որ ես տվյալ հանդիպմանը ներկա միակ բլոգերն էի, ով ունի մեդիա՝ կայքի տեսքով, ունի նկարահանող խումբ, լուսանկարիչ, օպերատոր, հաշվապահ, հաղորդավարուհիներ... ամեն ամիս վճարում է աշխատավարձ, պետական բոլոր վճարները և հարկերը նշված անձանց համար ևս, կարծում եմ ես կդիտարկվեմ, որպես մեդիա, քանի որ ի տարբերություն մյուսների ես զուտ իմ սոցիալական էջում չեմ ներկայացնում իմ կամ իմ ընտանիքի առօրյան՝ հիմնականում բջջային հեռախոսով նկարելով ինքս ինձ: Մեդիան ներառում է ամենօրյա մշակութային ֆոտո/վիդեո նկարահանումներ, հարցազրույցներ, կինոպրեմիերաներ, աստղային միջոցառումներ, սիրված երգիչների համերգներ, անվանի հայերի մասին հոդվածներ՝ որոնք ոչ կոմերցիոն են, որոնք ներկայացնում են բոլոր մեդիաները ևս և որոնց համար մենք պահում ենք աշխատակազմ և վարձատրում ենք նրանց:


Իմ դեպքում 10%-ն ընդունելի է, ես ունեմ իհարկե ծախսեր, որոնք կհանվեն իմ հարկերից, և ես կարծում եմ, որ օրենքը, որը բոլորի համար է, բնականաբար մեզ համար էլ է: Նաև ուրախ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած գործով, որ իմ երկրում կարողանում եմ գումար վաստակել զբաղվելով սիրածս աշխատանքով և իհարկե դրա դիմաց պատրաստ եմ վճարել բոլոր հարկերս, ինչն անում են արդեն 10 տարի: Եվ, լինելով անկեղծ, նշեմ, որ այսօր բլոգերները, ինֆլյուենսերները վաստակում են բավականաչափ գումար, որպեսզի և վճարեն հարկեր և պահեն պահանջարկը: Եկեք չմոռանանք, թե որքան են ստանում տարբեր ոլորտում ամեն օր 10.00-18.00 աշխատող անձանց մեծ մասը: Վերջում շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին և իհարկե իմ հետևորդներին, որոնց շնորհիվ ես ծավալում եմ գործունեությունս արդեն 16 տարի, որից 10 տարիների ընթացքում նաև հարկատու եմ (սկզբի 6 տարիներին պարզապես անվճար եմ աշխատել, այն ժամանակ ոչ ոք ինտերնետ գովազդին գումար չէր հատկացնում):