Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Կրթահամալիր):
Չհայտարարված այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հետևել են դասապրոցեսին, ունեցել են առանձնազրույցներ Դպրոցի աշխատակազմի հետ, ուսումնասիրել են Դպրոցի տարածքը, շենքային պայմանները, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Մասնավորապես, արձանագրվել է՝
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ ընդգծում է, որ պետությունը «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ի թիվս այլնի, ստանձնել է պարտավորություն ճանաչելու յուրաքանչյուր երեխայի կրթությունը առանց խտրականության և հավասար հնարավորության հիման վրա իրականացնելու իրավունքը՝ համընդհանուր ներառական կրթությունը հռչակելով որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։
Պետությունը պարտավոր է ապահովել, որ ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն այնպես, որպեսզի համապատասխանեն և հարմարեցվեն յուրաքանչյուր սովորողի պահանջներին և ապահովեն համապատասխան կրթական արձագանք: