«Կարուսել» բառը ոչ միայն մանկության, զվարճանքի, ադրենալինի և դրական էմոցիաների հետ ասոցացվող բառ է, այլև մի տերմին, որը նույնացվում է կեղծիքի ու զեղծարարության հետ. խոսքը ընտրությունների ժամանակ կիրառվող համանուն տեխնոլոգիայի մասին է։ Ցավալի է, որ այդ մերժելի «ընտրամեթոդի» հռչակը հարևան Վրաստանում, այսպես ասած, «հայաֆիկացվել» է և կիրառվում է «հայկական կարուսել» բառակապակցության տեսքով, այն էլ՝ երկրի ամենաբարձր մակարդակով, փաստորեն ստվերելով ՀՀ ընտրական համակարգը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախօրեի հայտարարությունը՝ իր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառված հիշյալ տեխնոլոգիայի մասին, ասվածի ապացույցն է։ Հայաստանի ընտրական համակարգի, ընտրությունների կազմակերպման վերաբերյալ, փաստորեն, կա կարծրատիպային ընկալում, ինչը, խոստովանենք, բնավ հաճելի չէ արձանագրելը։
Տիկին Զուրաբիշվիլին, ի դեպ,
խոսելով «կարուսել»-ի մասին, մասնավորապես
այսպիսի տեխնոլոգիա էր նկարագրել. «Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես
չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա էությունն այն
է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով
առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործում քվեարկության համար: Մեկ
նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ:
Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»։
«Կարուսելը», նկատենք, ընտրական զեղծարարության հայկական «ֆենոմեն» չէ,
այն կիրառվում է շատ այլ պոստսովետական երկրներում,
մասնավորապես նաև Ռուսաստանի Դաշնությունում, ինչի մասին վկայող բազմաթիվ հրապարակումներ
կան ռուսական մամուլում, նույնիսկ «սպռավոչկաներ», թե ինչպես է տեղի ունենում այս կամ այն կեղծարարությունը։
Խնդրո առարկա մեթոդը գործի է դրվում հետևյալ կերպ. ընտրատեղամասից դուրս է բերվում դատարկ՝
չլրացված քվեաթերթիկը և տրվում է նախապես գործի դրված խարդախին։ Ցանկալի թեկնածուի
անվան դիմաց քվեաթերթիկի վրա դրվում է նշան,
որը տրվում է ընտրատեղամաս բերված ընտրողին։
Մտնելով քվեարկության՝ անձը թաքցնում է իրեն
հանձնաժողովի կողմից տրված դատարկ քվեաթերթիկը և արդեն նախապես լրացված քվեաթերթիկը գցում է քվեատուփը՝ իր հետ դուրս հանելով
չլրացված քվեաթերթիկը։ Ընտրատեղամասից դուրս գալուց հետո չլրացված քվեաթերթիկը հանձնվում
է խմբի ղեկավարին։ Դուրս բերված քվեաթերթիկը նորից նույն մեխանիզմով լրացվում, տրվում
է հաջորդ ընտրողին, որը նույնպես քվեախցիկ մտնելով թաքցնում է մաքուր քվեաթերթիկը և
իրեն դրսում՝ խարդախ խմբի կողմից տրված քվեաթերթիկը գցում քվեատուփի մեջ։ «Կարուսելը»,
այսպիսով, «պտտվում» է մինչև ընտրությունների ավարտը։
«Կարուսելի» և ընտրակեղծիքների այլ մեթոդները, որոնց կիրառումը աղճատում ու խեղաթյուրում էր քաղաքացիների կամքը,
բարեբախտաբար այլևս անցյալում են, ինչպես որ
ընտրակեղծարարությամբ վերարտադրված ռեժիմը։
Գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած երկու համապետական՝
2018-ի և 2021-ի ընտրությունները, 2018-ին,
2023-ին Երևանում, ինչպես նաև 2018-ից այս կողմ մի քանի տասնյակ համայնքներում տեղի
ունեցած ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև արդյունքների հաշվարկը
վկայում են «կարուսելի», «թվանկարչության», ընտրակաշառքի, լցոնումների, քվեատուփ գողանալու,
ԸԸՀ անդամներին, վստահված անձանց ահաբեկելու, ծեծելու, առևանգելու և այլազան ընտրական զեղծարարությունների և մեթոդների՝ «արխիվային»
լինելու մասին։ Հարկ է նկատել, սակայն, որ
նույն նախկին ռեժիմը, փափագելով հասնել օրինական, չկեղծված ընտրությունների միջոցով վերընտրված իշխանության
տապալմանը, մտադիր է իր այդ նպատակն իրագործել ոչ ընտրությունների միջոցով։ Ավելին,
պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո չլինի
նաև վարչապետի պաշտոնակատար և չկազմակերպի ընտրությունները, քանի որ «ամեն ինչ կանի
վերարտադրվելու համար»։ Օրերս էլ ընդդիմության
կարկառուններից մեկը, մոռանալով իր քաղաքական ուժի անցյալը, ազդարարել է՝ «Փաշինյանը
եթե մնաց իշխանության, ապա ընտրությունները կազմակերպելու ա ոնց ուզի, միջազգային կառույցներն
էլ գնահատական չեն տալու, քանի որ սա իրենց դրածոն ա...»։
Արդ, քանի առիթն ընձեռվել է,
առաջարկում ենք նախկին իշխող ուժի ներկայացուցչին
վերհիշել, թե ինչ գնահատականներ էին տալիս միջազգային կառույցները Սերժ Սարգսյանի օրոք
տեղի ունեցած վերջին համապետական ընտրություններին։ Մասնավորապես ԱՄՆ պետդեպարտամենտի
2017 թ. զեկույցում նշված է. «Չնայած ընտրությունների կազմակերպման հարցում առկա դրական
տեղաշարժերին, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված եղան հաղորդումներ
ընտրակաշառքի լայնամասշտաբ օգտագործման, ընտրողների ահաբեկման և վարչական ռեսուրսի
չարաշահման վերաբերյալ: Ըստ հաղորդումների՝ քվեների գնումը հիմնականում կազմակերպվում
էր ՀՀԿ-ի ընտրատարածքային թեկնածուների կողմից, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքի կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ընտրությունները բնութագրեց այսպես. «լավ էին կազմակերպված, և հիմնարար
ազատություններն ընդհանուր առմամբ պահպանվել էին: Չնայած այն հանգամանքին, որ իրավական
դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու
ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և հանրային
ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ
տեղեկություններով: Դա նպաստեց հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր
վստահության ու հավատի բացակայությանը»: Իրավասու մարմինները հիմնականում ընտրակաշառքի
ու վարչական ռեսուրսի մասին հաղորդումներին ընթացք չէին տալիս: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները
մատնանշում էին, որ «հասարակության մեջ շարունակվում է խուսափողականությունն ընտրական
խախտումների ու կեղծիքների մասին հաղորդում տալու հարցում, ինչը պայմանավորված է բողոքների
քննման արդյունավետության նկատմամբ անվստահությամբ: Դատական համակարգի, ընտրական վարչարարության
և իրավապահ մարմինների անկախության պակասը և նրանց կողմից բողոքները քննելու եղանակը
խաթարում են իրավական պաշտպանության արդյունավետությունը»: Զեկույցում հիշատակում կա
նաև 2017 թ. ապրիլի 13-ին հրապարակված սկանդալային
ձայնագրությանը, որտեղ Երևանի ՍԱՍ սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը հանդիմանում
ու սպառնում էր աշխատողներին, ովքեր դեռ չէին պարտավորվել զգալի թվով ձայներ ապահովել
ընկերության հիմնադիր և ՀՀԿ-ական թեկնածու Արտակ Սարգսյանի համար: Ապրիլի 21-ին ՀՔԾ-ն
հայտարարեց, որ ձայնագրության հետ կապված քրեական գործ է հարուցվել. սեպտեմբերի 8-ին
գործը կարճվեց, որևէ մեղադրանք չներկայացվեց: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների զեկույցում մատնանշված
մյուս խնդիրներից էին «թեկնածուների, կուսակցությունների և ընտրողների միջև բանավեճերի
բացակայությունը, ինչի հետևանքով ընտրողները հնարավորություն չունեցան լիովին իրազեկ
ընտրություն կատարելու»: Զեկույցը նաև որպես խնդիր առանձնացրել է «լրագրողների կողմից
ինքնագրաքննության կիրառումը և կառավարության գործունեության քննադատական լուսաբանումից
խուսափելը, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությամբ»:
Հուսանք՝ վերոհիշյալ մերժելի մեթոդները, այդ թվում՝ «հայկական» պիտակված
«կարուսելը» երբևէ չեն վերակենդանացվի, և ՀՀ-ում հետայսու էլ իշխանափոխությունը տեղի
կունենա ՀՀ քաղաքացիների համար այլևս նորմա, բարձր ստանդարտ դարձած ազատ ընտրությունների
միջոցով։
Հ. Մանուկյան