Այսօր 2025 թ. պետական բյուջեի
նախնական քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ
խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ
կլինի ստորագրման։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա- ժողովրդավարական»
կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս
լավատեսությունը գալիս է կազանյան հանդիպումից հետո, Լևոն Շիրինյանն ասաց, որ դա գալիս
է Բայդենի նամակից և միանշանակ ամերիկյան, ֆրանսիական ճնշման չափից։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի
և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը և դրա զարգացումը համաշխարհային քաղաքականության մեջ այդ
չափը չունեն, որ իրենք բևեռացված լինեն, հատկապես մինչև այդ արդյունք գրանցեն։ Իսկ Ամերիկայի հանրության համար Հայաստան, Ադրբեջան
էն կողմ է։ Ուրիշ բան է կատարվում, որ հայկական կողմը վարպետորեն կառավարում է կոնֆլիկտը՝
ժամանակ շահելու առումով։ Մեզ բանակ է պետք։
Եվ երկրորդ՝ ինչու չէ, եթե Ադրբեջանը համաձայնի, ուրեմն կստորագրվի»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Արարատ Միրզոյանը նաև հայտարարել
է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի թեզը համարում են կատարելապես անհիմն,
և որ ունեն արդեն շատ կոնկրետ և հզոր ապացույց։ Այս առնչությամբ Լևոն Շիրինյանն ասաց,
որ Ալիևն ինքն իր ձեռքը կրակն է ընկել։
«Էշ-էշ դուրս է տալիս՝ Հայաստանի
թուլությունը նկատի ունենալով՝ մոռանալով, որ համաշխարհային քաղաքական բեմահարթակի
վրա Հայաստանը հիմա բոլորովին ուրիշ տեղում է գտնվում։ Այսինքն՝ Ալիևը այս Հայաստանն
ընկալում է այնպես, ինչպես էս ռևանշիստ գողերի նախահեղաափոխական Հայաստանն էր հասկանում։
Հիմա նախահեղափոխական Հայաստան չկա»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան