Որևէ իշխանություն Ցեղասպանության հարցով պետականորեն զբաղվելու օրակարգ չի ունեցել. դա փակուղի կտաներ

Միացյալ Նահանգների նախագահի նամակը Ալիևին հորդոր էր՝  գնալ խաղաղության և դրա դիմաց որոշակի օգուտներ ստանալ։ Միացյալ Նահանգներից բազմիցս ակնարկներ են եղել Ադրբեջանին՝ չձգձգել պրոցեսն ու դադարեցնել «առևտուրը»։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։


Այս նամակները նա լուրջ քայլ գնահատեց՝ նկատելով, որ Արարատ Միրզոյանի հայտարարությունները դրա մասին են խոսում։


«Հռետորաբանության փոփոխություն է տեղի ունենում Ադրբեջանի իշխանությունների մոտ, և կարծես թե զգուշավոր լավատեսություն ներշնչող գործընթացի ենք ականատես լինում»,- ասաց Էդգար Վարդանյանը։


Ըստ նրա՝ նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը, այդ պայմանավորվածությունը ուժի մեջ կմնա, եթե Ալիևը համաձայնի մինչև տարեվերջ վերջնականացնել խաղաղության պայմանագիրն ու ստորագրել այն։


Իսկ Կազանում կողմերը, ըստ քաղաքագետի, օգտագործեցին հանդիպելու, զրուցելու առիթը։ Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ այն, ինչ արվում է, չի արվում Ռուսաստանի դեմ։ Այլ բան է, որ ՌԴ-ն կուզեր ներկայություն ունենալ Հայաստանում, կուզեր մասնակցություն ունենալ պրոցեսին, բայց հաշվի է առնում իրավիճակը. «ՌԴ-ն փորձում է իր մասնակցությունը պահել ու այնպես անել, որ գործընթացը ամբողջությամբ չզարգանա արևմտյան միջնորդությամբ»։


Անդրադառնալով Թուրքիայի ազդեցությանը գործընթացների վրա՝  Էդգար Վարդանյանն ասաց, որ Թուրքիան շահագրգռված է, որ հնարավորինս շուտ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ինչը հնարավորություն կտա կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բացել սահմանը, և Էրդողանն արդեն պարտքի զգացում չի ունենա Ալիևի նկատմամբ, որ առաջ ընկավ, Ադրբեջանի մեջքի հետևում ինչ-որ գործընթացներ տեղի ունեցան և այլն։


Վարդանյանն անդրադարձավ նաև այսօր ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ դաշնակցական պատգամավորի հարցին ի պատասխան հնչեցրած մտքին, որ Ցեղասպանության թեման ՀՀ քաղաքականության առաջնահերթություն չէ։ Քաղաքագետը նկատեց, որ ՀՀ բոլոր իշխանությունները նույն գիծն են տարել։ «Ես չեմ տեսել այլ քաղաքականություն։ ՀՀ տարբեր իշխանությունները նույն գիծն են առաջ տարել։ Որևէ իշխանություն Ցեղասպանության հարցով պետականորեն զբաղվելու օրակարգ չի ունեցել։ Հռետորաբանության որոշակի տարբերություններ կարող են լինել, բայց կոնկրետ քայլեր չեն եղել։ Փոլիսին նույնն է եղել։ Նման հարցերը պետական մակարդակով բարձրացնելը փակուղի է տանելու»,- ասաց Էդգար Վարդանյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան