Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում ԲՄՎ-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԲՄՎ-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:
Փաստի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդն իր վարած ԲՄՎ-ով ներկայացել է բաժին ու ձերբակալվել, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են: