«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի
արձանագրումները շատ կարևոր են, նա մասնակցել էր Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը և, տեղյակ լինելով մանրամասնություններին,
զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում կարողանանք
ստորագրել խաղաղության պայմանագիրը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի
միջև հարաբերությունների կարգավորմանը։
Ղազարյանի խոսքով՝ Թուրքիայից
եկող ազդակները բավականին դրական են, իսկ ԱՄՆ-ի շարունակական ջանքերը մեծ ազդեցություն
են ունենում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. «Կարևոր է,
որ կողմերը բանակցեն նաև առանց միջնորդի։ Սենյակում երրորդ ուժ չպետք է ներկա լինի
իր շահով, այսինքն՝ բանակցությունները պետք է միտված լինեն հարաբերությունների կարգավորմանը
և ոչ թե այլ պետությունների շահերը սպասարկելուն»։
Պատգամավորի կարծիքով՝ «Խաղաղության
խաչմերուկ» նախագիծը ձևափոխելու է տարածաշրջանը, և դա կարևոր գրավական է. «Չպետք է
ներգրավվել այն կեղծ խոսակցությունների մեջ, որտեղ քեզ փորձում եմ ներքաշել, ու առանց
շեղումների գնալ խաղաղության։ Հիմա տեղի են ունենում նոր ճանապարհների կառուցման քննարկումներ,
ու այդ իմաստով «Խաղաղության խաչմերուկ»-ը հետաքրքրում է տարբեր կենտրոնների խաղացողների։
Մենք հիմք ենք դրել, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն միմյանց սուվերենությունը
հարգելով։ Բլինքենի ու ԵՄ-ի կողմից նշվել է ապաշրջափակման կարևորությունը, և միջազգային
կոնսենսուս կա, որ մեր տարածքով ճանապարհները ապաշրջափակվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան