«Հանցակիցները որոշակի կապեր են հաստատել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ». Դատալսումներ՝ «Հյուսիսային տերևաթափ»-ի գործով

Այսօր՝ ժամը  15:00-ին, Երևանի քրեական դատարանում տեղի կունենան «Հյուսիսային տերևաթափ» անունը ստացած գործով հիմնական դատական լսումները։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ  ահաբեկչության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն կատարելու համար:


Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդեց ահաբեկչական գործողություն նախապատրաստելու դեպքով հարուցված քրեական վարույթի մասին, որի նախաքննությունն ավարտվել է այս տարվա հուլիսին և գործն ուղարկվել դատարան:

 

«Դատալեքս» հարթակից տեղեկանում ենք՝ հիմնավորվել է, որ իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար հիշյալ անձինք (Վազգեն Ոսկանյան,  Սերգեյ  Մկրտչյան, Աշոտ Մարգարյան, Էդգար Ծատինյան, Կարեն Սիմոնյան և ինքնությունները չպարզված մի խումբ այլ քաղաքացիներ), ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, գալով նախնական համաձայնության և միավորելով իրենց ջանքերը, 2023 թ.  մայիսին նպատակադրվել են անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված կատարել պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ և այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, որոշակի գործողություններ, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը։


Վազգեն Ոսկանյանը և խմբի մյուս անդամները, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու համար ձեռնամուխ լինելով դիտավորությամբ գործիք և միջոց ձեռք բերելուն, դրանք հարմարեցնելուն և այլ պայմաններ ստեղծելուն, 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում հանցակիցների շրջանակը մեծացնելու նպատակով փնտրել են համախոհներ՝ առավելապես զինվորական ծառայություն անցած, ինչպես նաև պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց շրջանակում, նախատեսել են ստեղծել խմբեր՝ միաժամանակ տարբեր շինությունների և այլ օբյեկտների վրա հարձակվելու համար:


«Հանցակիցների կողմից որպես հարձակման թիրախներ ընտրվել են որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, այդ թվում՝ Երևան քաղաքում տեղակայված «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲ ընկերության վարչական շենքը, առանձնակի ուշադրություն է դարձվել այդ շինությունները տևական ժամանակ իրենց վերահսկողության տակ պահելու համար նպաստավոր դիրքավորմանը, իսկ տագնապ առաջացնելուն, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելուն, հանրավտանգ արարքներին հակազդելուն, դրանք կանխելուն և խափանելուն ուղղված իրավասու պետական մարմինների իրավաչափ գործողությունների արդյունավետությունը նվազեցնելու նպատակով, վերլուծելով և հաշվի առնելով նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների փորձը, որոշվել է հանրավտանգ գործողությունները կատարել միաժամանակ մի քանի վայրերում:


Ծրագրված հանցավոր գործունեությունն իրականացնելու համար հանցակիցները որոշակի կապեր են հաստատել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ, անխափան կապի ապահովման և իրենց հանցավոր գործողությունների տեղեկատվական ուղեկցման համար ծրագրել են հեռահաղորդակցության հավելվածներում ակտիվացնել համապատասխան օգտահաշիվներ, ինչպես նաև արտերկրում բնակվող մտերիմների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հանցավոր գործողություններն սկսելու պահին իրենց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար վերջիններիս Հայաստանի Հանրապետությունից տարհանելու վերաբերյալ:
Պայթյունները և հանրավտանգ մյուս գործողություններն առավել արդյունավետ իրագործելու համար հանցակիցների կողմից մշակվել են ինչպես անօդաչու թռչող սարքերի միջոցով պայթուցիկ սարքը որոշակի բարձրությունից նետելու, այնպես էլ հեռակառավարվող այլ սարքերի կիրառմամբ պայթուցիկ սարքը տրանսպորտային միջոցի, այլ թիրախների տակ մտցնելու և գործարկելու ծրագրեր, որոնք իրագործելու նպատակով հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում փորձարկել են անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական սարքերը, այդ թվում՝ գործարանային արտադրության թռչող սարքը, հանցավոր նպատակների առավել արդյունավետ իրագործման համար հարմարեցնելու, կատարելագործելու, ձևափոխելու և դրա վրա պայթուցիկ սարք տեղադրելու եղանակով այն պայթյուններ իրականացնելու համար պիտանի դարձնելու ուղղությամբ:


Բացի վերոգրյալից, Վազգեն Ոսկանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները ձեռք են բերել զինվորական համազգեստ և հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ: Հանցակիցների կողմից մշակվել և Վազգեն Ոսկանյանի կողմից գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր, որում նշվել է հանցավոր գործողությունները հարձակվելու, նահանջելու և դարանակալելու եղանակով իրականացնելու, հարձակման վայրերում սիմվոլներ թողնելու, բջջային հեռախոսաքարտերի, առաջին բուժօգնության պարագաների ձեռք բերման, ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքների ստեղծման, թռուցիկներ տարածելու, ընտանիքի անդամներին տարհանելու և այլ գործողությունների մասին:
Ընդ որում, հիշյալ փաստաթուղթը հայտնաբերվել է խմբի մյուս անդամ Աշոտ Մարգարյանի հագուստի գրպանում:


Վերոգրյալի հետ մեկտեղ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Կարեն Սիմոնյանը և Էդգար Ծատինյանը ձեռնամուխ են եղել նաև իրենց հիշյալ հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն: Այդ նպատակով Սերգեյ Մկրտչյանը, գործելով որպես խմբի անդամ, Աշոտ Մարգարյանի, Վազգեն Ոսկանյանի, Կարեն Սիմոնյանի և Էդգար Ծատինյանի հետ նախնական համաձայնությամբ նախ միջոցներ է ձեռնարկել հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր ապօրինի իրացնելու հնարավորություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ, որի արդյունքում 2023 թվականի ամռանը հանդիպում է ունեցել ազգությամբ պարսիկ ոմն Ռեզայի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ՝ այդ կերպ դիտավորությամբ պայման ստեղծելով ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և կրելու համար:


Ռազմամթերք հանդիսացող, 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտ է հայտնաբերվել Սերգեյ Մկրտչյանի փաստացի բնակության վայրում:
Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Կարեն Սիմոնյանը և Էդգար Ծատինյանն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված վերոգրյալ հանցանքների՝ ահաբեկչության, ինչպես նաև խմբով, նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և կրելու օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ բացահայտվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից (…)»։