Հեղաշրջման փորձի գործով մեղադրյալները դատարան չէին բերվել. պատճառները հայտնի չէին

«Հյուսիսային տերևաթափ» անվանումով հեղաշրջման փորձի դեպքով գործը դատարանում է։ Այսօր նշանակված դատական նիստը, սակայն, չկայացավ. ներկա չէին մեղադրյալները։ Դատավոր Ջոն Հայրապետյանն ասաց, որ նրանց ուղեկցումը չի իրականացվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։ «Դատարանին պատճառները հայտնի չեն։ Ենթադրում եմ՝ ոստիկանությունում այս տեղի ունեցող փոփոխություններն են պատճառը»,- ասաց դատավորը։


Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել և պնդել, որ ձայնը փոխած տղամարդիկ քննարկում են պայթուցիկը մեքենայի տակ հարմարեցնելու հնարավորությունը:


Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ մի խումբ անձինք 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:


Ըստ հաղորդագրության՝ խմբի անդամները իրենց մտադրությունն իրագործելու նպատակով փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար: Որոշվել է հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ: Նրանք նաև ձեռք են բերել զինվորական համազգեստ, հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ, մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր, որը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:


Քննչականը նաև նշել էր, որ հիշյալ անձինք ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու համար 2023-ի ամռանը հանդիպելով դեռևս անձը չպարզված օտարերկրյա քաղաքացու հետ՝ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ:


«Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»,- նշված էր հաղորդագրության մեջ։


Մեղադրյալներ Սերգեյ Մկրտչյանը, Վազգեն Ոսկանյանը, Կարեն Սիմոնյանը, Էդգար Ծատիրյանը իրենց մեղավոր չեն ճանաչում։


Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց նոյեմբերի 12-ին, ժամը 17։00-ին։

 

Վովա Հակոբյան