Սյունիքում ծեծկռտուքի և 3 անձի դանակահարության վարույթով 2 կին մեղադրյալի մասով նյութերն ուղարկվել են դատարան

2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:  


Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ հուլիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (2 դրվագ) և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ միջադեպին մասնակից են եղել Կապան քաղաքի հինգ բնակիչներ, որոնցից երկուսը՝ կանայք:


Իրականացված քննչական, դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում Կապան քաղաքի բնակչուհի Ա.Բ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը, բարձրաձայն անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որոնք լսելի են եղել հարևան տաղավարում: Այդ կապակցությամբ հարևան տաղավարում կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը մոտեցել և դիտողություն է արել՝ միաժամանակ խնդրելով չխանգարել իրենց միջոցառումը: Որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն, անտեսելով չհայհոյելու և միջոցառումը չխանգարելու վերաբերյալ արված հորդորը, շարունակել է բարձրաձայն հայհոյել, ինչի համար վերջինիս կողմից կրկին կատարված դիտողության կապակցությամբ երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև առաջացել է քաշքշուկ:


Քաշքշուկը հանդարտվելուց որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն գնացել է հարևան տաղավար և պարզաբանումներ պահանջել, որտեղից վերջինիս դուրս են հրավիրել։ Սակայն կինը չի ենթարկվել պահանջին, կրկին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և փորձել հարվածել 74-ամյա տղամարդուն, ինչի պատճառով երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Ա.Բ.-ի ընկերուհին՝ Գ.Ս.-ն, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դանակով հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, Գ.Ս.-ին՝ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով: Դատարանը Գ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Ա.Բ.-ի և Գ.Ս.-ի հետ միջադեպին մասնակից մյուս երեք անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է: