ԱՄՆ նախագահական ընտրությունների,
թեկնածուների, Հայաստանի վրա ընտրությունների հնարավոր արդյունքների ազդեցության և
ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի
անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի
հետ։
«Հարիսի ընտրվելու դեպքում, անկեղծ
ասած, չգիտեմ ինչ կարելի է ակնկալել, բայց գիտեմ ինչ կարելի է ակնկալել Թրամփի ընտրվելու
դեպքում, որովհետև Թրամփն արդեն մի անգամ եղել է նախագահ՝ մեզ համար ամենաողբերգական
ժամանակներում։ Կարծում եմ՝ Թրամփի ընտրվելու դեպքում կարելի է ակնկալել լիակատար անտարբերություն
ՀՀ-ի հանդեպ։ Ես սովոր չեմ հավատալ նախընտրական ամպագոռգոռ խոստումներին, սիրո խոստովանություններին
և այլն»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Նա նշեց, որ նաև շատ բան կախված
է այն բանից, թե մեր պետությունն ինչպես իրեն կդրսևորի, բոլոր դեպքերում ժամանակները
շատ արագ փոխվում են, և մենք տեսնում ենք, որ պետության կողմնորոշումից, պետության
արժեքային համակարգը բարձրաձայնելուց շատ բան է փոխվում նաև մեր հանդեպ վերաբերմունքում։
«Կարծում եմ՝ մեր ամենամեծ սխալը
երկար ժամանակ եղել է այն, որ մենք երկար ժամանակ
կարծել ենք, որ ուրիշ պետությունների քաղաքականությունը մեր երկրի հանդեպ մշտական բնույթ
է կրում. դա այդպես չէ։ Կյանքը փոխվում է, փոխվում են երկրները, փոխվում են հարաբերությունները,
շատ արագ պետք է այդ ամեն ինչի մեջ կողմնորոշվել, և եթե որոշակի արժեքների վրա ես կառուցում
քո քաղաքականությունը, առաջին հերթին ներքին, իսկ արտաքինը բխում է ներքին արժեքային
հայեցակարգից, նաև փոխվում են քո շրջապատը և քո հանդեպ վերաբերմունքը»,- նշեց Ռուբեն
Բաբայանը։
Խոսելով նաև Թրամփի և Արամ Ա
կաթողիկոսի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Արամ Ա-ն խոսել է միայն արցախահայության
խնդիրներից և ոչ մի բառ չի խոսել Հայաստանի խնդիրների մասին, Ռուբեն Բաբայանն ասաց,
որ երևի չի հետաքրքրում, և սա ընդհանրապես տարածված մոտեցում է. Սփյուռքի որոշակի շրջանակներին
ընդհանրապես ՀՀ-ն որպես պետություն այնքան էլ չի հետաքրքրում։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան