ՀՀ-ում անցած 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների քանակը 2023-ի համեմատ նվազել է

2024թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը նվազել է՝ կազմելով 28 269 դեպք՝ նախորդ տարվա 29 682 դեպքի դիմաց, որից 13 816-ը՝ ոչ մեծ ծանրության, 9 206-ը՝ միջին ծանրության, 3 822-ը՝ ծանր, 1 425-ը՝ առանձնապես ծանր։


 Վիճակագրական կոմիտեի  հրապարակած տեղեկանքից civic.am-ը պարզեց, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 890 դեպք՝ նախորդ տարվա 1 088 դեպքի դիմաց։  Հրապարակված տվյալները հուշում են, որ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նույնպես այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել են և կազմել 3 094 դեպք, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում արձանագրվել էր այսպիսի հանցագործությունների 3 682 դեպք։ Նվազել են նաև կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության  դեպքերը՝  423 այդպիսի հանցագործություն 2023-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 324 դեպքի դիմաց։


Հունվար-սեպտեմբերին արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  91 դեպք (նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում՝  105-ը), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների պատկերն էլ այսպիսին է՝ 2023 թվական՝ 2 719 դեպք, 2024 թվական՝ 2 322 դեպք։


Նշենք, որ ՀՀ մասշտաբով մայրաքաղաք Երևանում են  արձանագրվել  ամենամեծ թվով հանցագործությունները՝ 12 319 դեպք, որից 5 563-ը՝ ոչ մեծ ծանրության, 4 285-ը՝ միջին ծանրության, 1 855-ը՝ ծանր, 616-ը՝ առանձնապես ծանր։