Ադրբեջանը փորձում է խաթարել ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը

Ադրբեջանական մի քանի աղբյուր ինֆորմացիոն արտահոսքեր են կազմակերպել՝ տարածելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի երեք չհամաձայնեցված կետերը։ Սրանք պաշտոնական հաստատում ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական կողմից չեն ստացել, սակայն ակնհայտ է, որ արտահոսքը կազմակերպվել է Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից։ Չտիրապետելով արտահոսքի իսկության մասին հստակ տեղեկությունների Civic.am-ը,  այնուամենայնիվ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ փորձեց հասկանալ արտահոսքի պատճառները, քննարկել այդ կետերը։

 

Խալաթյանն այս ամենին հավելեց Բելգիայում Ադրբեջանի դեսպանի՝ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին ուղղված մահվան սպառանալիքը և նշեց, որ նպատակը բանակցությունները պարալիզացնելն է։ «Փորձում են բանակցային գործընթացից դուրս գալ, բայց մեղքը գցել Հայաստանի վրա», - ասաց իրավագետը՝ միաժամանակ նկատելով, որ սա կարող է նաև ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերին ապտակ հասցնելու փորձեր լինել։

 

«Այս քայլով Ադրբեջանը նաև ջուր է լցնում հանրապետական թեկնածուի ջրաղացին․ սատարում է ավտոկրատիկ ռեժիմներին՝ փորձելով խանգարել ԱՄՆ միջնորդական ջանքերին»։

 

Անդրադառնալով կոնկրետ կետերին՝ Խալաթյանն ասաց, որ Հայաստանի սահմանադրությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որին հղվելով Ադրբեջանը հրաժարվի տարածքային հավակնություններից՝ հետևաբար, սա ընդամենը պատրվակ է։

 

Խալաթյանի կարծիքով՝ Միջազգային դատական ատյաններից հայցերի երկկողմանի հետկանչումը առհասարակ պետք է չլիներ խաղաղության պայմանագրում։ Իրավագետը սա ական որակեց, որը դրված է փաստաթղթում։

 

Ինչ վերաբերում է սահմաններում երրորդ ուժերի ներկայության բացառմանը՝ Խալաթյանն ասաց, որ նախ սա երրորդ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է, բացի դա՝ խաղաղության փաստաթուղթը համադարման չէ, և դրա ստորագրմամբ բոլոր հարցերը չեն լուծվում, փոխվստահությունը այն մակարդակի վրա չի բարձրանում, որ հայկական կողմը հրաժարվի իր սահմաններում ԵՄ դիտորդների ներկայությունից։ Խալաթյանը նկատեց նաև, որ դիտորդները զինված չեն, դա քաղաքացիական առաքելություն է և չի սպառնում հարևանների անվտանգությանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան