ԱՄՆ նախագահի ընտրություններում
հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը։ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության»
կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա Թրամփի նախագահությունը Հայաստանի և աշխարհի
վրա, և թե ինչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում։
Նա նշեց, որ իհարկե մենք հիմա
շատ տուրբուլենտ իրավիճակում ենք գտնվում, և հասկանում է, որ տարատեսակ զգացմունքներ են տիրում, բայց այնուամենայնիվ
պետք է փաստել, որ մենք արդեն մեկ անգամ ապրել ենք թրամփյան ժամանակաշրջանում, այսինքն՝
մենք նաև որպես պետություն, որպես հասարակություն, պետք է որ իմունիտետ էլ ձեռք բերած
լինենք , հակաբացիլներ պետք է ունենանք Թրամփի հանդեպ, բայց այնուամենայնիվ մենք պետք
է նաև հասկանանք, որ դեռ մինչև հունվարի 20-ը գործող վարչակազմը կշարունակի ունենալ
լծակներ, այսինքն՝ նախագահ Թրամփը իր լիազորությունները կստանձնի 2025 թվականի հունվարի
20-ին։
«Հետևաբար մենք ունենք մոտ երկու
ամիս շատ լուրջ աշխատանք տանելու Բայդենի վարչակազմի հետ։ Բայդենի վարչակազմի օրոք
հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մակարդակը մեկ աստիճանով բարձրացավ և դարձավ
ռազմավարական գործընկերային։ Հետևաբար ի՞նչ պետք է անել այդ գործընկերային համաձայնությունը,
որ մենք ունենք. դրան պետք է բովանդակություն տանք։ Ես շատ կուզենամ, որ հնարավորություն
լինի մինչև հունվարի 20-ը երկրի ղեկավարի այց կարողանանք կազմակերպել ԱՄՆ, որտեղ նա
հնարավորություն կունենա հանդիպելու թե՛ Ջո Բայդենի, թե՛ Դոնալդ Թրամփի հետ։ Ընդ որում,
Ջո Բայդենի հետ հանդիպել և մի նոր ռազմական ավելի լուրջ փաստաթուղթ ստորագրել»,- նշեց
Առնոլդ Բլեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան