ԱՄՆ-ն դիրքերը չի զիջի ՌԴ-ին. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները պետք է բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակի

«Այստեղ կա փորձագիտական դաշտ, որը միանգամից գիտի ինչ է լինելու՝ լավ է լինելու, վատ է լինելու: Ես այդպիսի կանխատեսումներ երբեք չեմ անում։ Նախ ինքը՝ Թրամփը, մի օր մի բան է ասում, հաջորդ օրը այլ բան է ասում. ստրատեգիայի մասին ես հիմա չեմ կարող խոսել, բայց այն, որ միշտ կարելի է աշխատել և պետք է աշխատել բոլոր ղեկավարների հետ՝ միանշանակ է»,-  ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելու և Հայաստանի վրա այդ իրադարձության հնարավոր հետևանքների մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։


Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում լոբբինգով զբաղվող մեր կառույցները, դեսպանատունը պետք է աշխատեն Թրամփի և նրա թիմի հետ։  «Սա Հյուսիսային Կորեան չի. կան ինստիտուտներ, կա Ներկայացուցիչների պալատ. արտաքին քաղաքականության հարցերում առանց այս երկու ինստիտուտների համագործակցության որոշում չի կայացվում։ Դրա վրա պետք է աշխատել»,- ասաց Դալլաքյանը։


Քաղաքագետը, անդրադառնալով Արամ Ա-ի հետ Թրամփի ունեցած հեռախոսազրույցին, ասաց, որ  նա փորձում է նաև իր թիմակիցների առջև ցույց տալ, որ ինքն էլ է զբաղվում հայկական հարցով. «Այստեղ խնդիրը հայկական լոբբիզմի հետ չհակադրվելն է»:


Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմն ավարտելու Թրամփի հայտարարություններին՝ Դալլաքյանը հարց հղեց՝ ինչպե՞ս. Ուկրաինայի մի հատվածը զիջելո՞վ, թե՞ ռմբակոծում են Մոսկվան։


«Թրամփը ինքնուրույն, նորից եմ կրկնում, որոշումներ չի կայացնելու։  Այնտեղ կան ինստիտուտներ։ Քվեարկությունը՝ Ուկրաինայի օգնության, Սենատում է լինում, Ներկայացուցիչների պալատում։ Նախագահը ինքը արտաքին քաղաքական հարցերը չի որոշում։ Հայաստանը պետք է աշխատի բոլորի հետ՝ ինչպես Զելենսկին, որն առաջինը շնորհավորեց, իր ծրագիրը ներկայացրեց Թրամփին՝ չնայած Թրամփը անձնապես վիրավորել էր Զելենսկուն։ Երկրի անվտանգության և փրկության հարցում այդպես, անձնական նախասիրություններից ելնելով չեն առաջնորդվում։ Հետաքրքիրն այն է, որ Թրամփը իրեն ցույց է տալիս որպես տղամարդ, մաչո։  Դժվար ասի՝ Պուտի՛ն, ինչ ուզում ես՝ վերցրու, ինձ էլ վաղը-մյուս օրը ասեն՝ դու թույլ էիր»,- ասաց Դալլաքյանը։


Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը դա է՝ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակի։

  

Դալլաքյանի կարծիքով՝ անգամ Թրամփի Ամերիկան դիրքերը չի զիջի Ռուսաստանին։ «Չեմ կարծում որ Միացյալ Նահանգները կզիջի դիրքերը Ռուսաստանին, որովհետև Միացյալ Նահանգները հենց Եվրոպայում իր ազդեցությամբ է Միացյալ Նահանգներ. եթե նա Եվրոպայի ամենամեծ երկրին՝ Ուկրաինային, փաստացի նվիրի, Ամերիկան կպարտվի։ Չեմ կարծում, թե Ամերիկան ուզում է պարտվել»,- նշեց քաղաքագետը։

 

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան