Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:


«Քրեական վարույթի շրջանակներում 2024 թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, կրիստալ տեսակի թմրամիջոց։ Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40-ամյա բնակչից։


Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40-ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում: