Ձերբակալվածներին այսուհետ կտեղափոխեն արժանապատիվ պայմաններում. ՆԳՆ–ն նոր մեքենաներ ունի

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել հատուկ կահավորված 22 մեքենա՝ ձերբակալվածների տեղափոխման համար։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ այս մեքենաները տրամադրվելու են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։


ՆԳՆ-ից հայտնում են, որ ձեռք բերված 22 հատուկ տրանսպորտային միջոցներից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:


«Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով։ Հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթացել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է նաև, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:


ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մեքենաներն արդեն գործարկվում են՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։

1 / 5