ՀՀ զբոսաշրջային ուղղություններից որո՞նք են նախընտրել ՀՀ այցելած զբոսաշրջիկները

 Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Սևան, Գյումրի, շրջայց Երևանում. ահա այն նախընտրելի վայրերը, որտեղ մեկնել կամ եղել են ՀՀ այցելած զբոսաշրջիկները  զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպված շրջագայությունների (տուրերի) շրջանակում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության վայրերի 2024թ. հունվար-հունիսին ունի հետևյալ պատկերը. Գառնի-Գեղարդ՝ 17 հազար 818 զբոսաշրջիկ, Դիլիջան՝ 8 հազար 322, Գյումրի՝ 6 հազար 431, Տաթև՝ 8 հազար 322, Սևան՝ 6 հազար 132, շրջայց Երևանում՝ 7 հազար  107 զբոսաշրջիկ, 9 955 զբսաշրջիկ էլ այցելել է Հայաստանի այլ վայրեր։ Զբոսաշրջիկների այցելած վայրերի թվում են նաև՝  Խոր Վիրապ՝ 5 հազար 813, Սաղմոսավանք՝ 3 հազար  196, Հաղպատ-Սանահին՝ 2 հազար 344, Նորավանք՝ 3 հազար 682 մարդ, ինչպես նաև Էջմիածին-Զվարթնոց, Ջերմուկ, Արենի, Ենոքավան, Ծաղկաձոր, Խնձորեսկ։ Ամենաքիչ թվով զբոսաշրջիկներ հաշվետու ժամանակաշրջանում այցելել են Օշական՝ 503 հոգի։


Նշենք, որ Վիճկոմիտեն հրապարակել է նաև  2024թ. հունվար-սեպտեմբերին մեր երկիր ելումուտի տվյալները։ Ըստ այդմ՝ մուտք է ունեցել 3 մլն 620 հազար  446 մարդ, ելք ունեցել 3 մլն 626  հազար 571-ը։  Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ է մուտք գործել  մասնավորապես ՀՀ քաղաքացիություն ունեցող 1 մլն  571 հազար  846 մարդ, ելք ունեցել՝ 1 մլն 592 հազար 212-ը։  ՀՀ քաղաքացիներից հետո ելումուտի թվերի բարձր ցուցանիշով   երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 1 մլն 89 հազար  510 մարդ մուտք է գործել, 1 մլն 79 հազար 604-ը՝ ելք կատարել։ Հարևան Վրաստանից մեր երկիր է  մուտք գործել 296 հազար 941, ելք կատարել՝  292 հազար 237 մարդ, Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք ու ելք է կատարել համապատասխանաբար  159 հազար 118 և 158  հազար 828 մարդ։  ՀՀ մյուս հարևան երկրից՝ Թուրքիայից, այդ երկրի քաղաքացիություն ունեցող 9 հազար 810 մարդ մուտք է կատարել, 9 հազար  620-ը՝ ելք։


 Հ. Մ.