ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով մարիխուանա, հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպք․ 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 29, 43, 27, 28-ամյա բնակիչները և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ-ում տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու շուրջ, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձին նախապես խոստացել են վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով մարիխուանա, հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխվելուց հետո Հայաստանում դրանք ապօրինի ձեռք բերել։ Ընդ որում՝ նպատակադրվելով թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վաճառել Տելեգրամ հավելվածի միջոցով՝ հիշյալ անձանցից մեկը՝ 43-ամյա կինը, կապ է հաստատել Տելեգրամ հավելվածի օգտատիրոջ հետ և հստակեցրել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխելու հանգամանքները։
Այնուհետև քննությամբ ինքնությունը չպարզված անձը պետական սահմանով, մաքսանենգությամբ, ՀՀ ապօրինի տեղափոխել է առաձնապես խոշոր չափերով՝ 6680,31 գրամ մարիխուանա, 1430 գրամ հերոին և 3225 գրամ մեթամֆետամին տեսակի՝ առանձին փաթեթներում տեղավորված թմրամիջոցներ և ապօրինի պահել է Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի վարչական տարածքում գտնվող թաքստոցում։ Երևանի 43-ամյա բնակչուհին, նախապես տեղեկանալով, որ հիշյալ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխվել են ՀՀ, օրավարձով վարձակալել է հանցավոր խմբի անդամ՝ 28-ամյա երիտասարդի կողմից վարվող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան՝ վերջինիս խոստանալով, որ թմրամիջոցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից Երևան տեղափոխելու դիմաց կվարձատրվի 27-ամյա հանցակցի կողմից։
2024 թ․ մարտի 15-ին 43-ամյա կինը և 28-ամյա երիտասարդը մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ նույն օրը ապօրինի ձեռք են բերել ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխված և վերոնշյալ թաքստոցում տեղադրված առանձնապես խոշոր չափերով՝ 19 պոլիէթիլենային փաթեթներում գտնվող թմրամիջոցները։
Վերջիններս թմրամիջոցը տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի սրահում և ուղևորվել Երևան քաղաքի ուղղությամբ։
Քննության ընթացքում քննչական ճանապարհով ձեռք բերված տվյալները փոխանցվել են ոստիկանությանը, որն այդ տվյալների իրացմամբ, մարտի 15-ին՝ ժամը 20:30-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված 4 անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելքը։
Հիշյալ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։