Հաագայի որոշումը հաղթանակ է ՀՀ համար․ սա հնարավորություն է տալիս դիվանագիտական ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ

Սա ակնհայտ հաղթանակ է Հայաստանի կողմից՝ Միջազգային արդարադատության դատարանում, և շատ գրագետ պատասխան է Ադրբեջանի հայցին

 

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում: Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Էռլանգեն-Նյուրենբերգ համալսարանի դասախոս, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ։ 

 

Հարցին, թե Հաագայի դատարանի որոշումը հեռանկարային առումով ի՞նչ կտա Հայաստանին, մեր զրուցակիցն ասաց․ «Ամենաառաջին բանն այն է, որ արդեն արձանագրել է՝ դատարանն ունի իրավասություն՝ քննելու Խտրականության դեմ կոնվենցիայի շրջանակներում բերված բողոքները՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ։ Սա կարևորագույն արձանագրություն է և սա նշանակում է, որ ցանկացած անգամ միտք դատավարություններից հրաժարվելու, որևիցե տեղ չունեն քաղաքականության մեջ, որովհետև դատավարություններում ակնհայտ է, որ հայկական կողմը հաղթողի կարգավիկճակում է, և Ադրբեջանը պարտվում է իր բոլոր արգումենտներով և փաստարկներով, որն ինքը ներկայացնում է Միջազգային արդարադատության դատարանին։ Սա նաև տալիս է հնարավորություն՝ դիվանագիտության մեջ ավելի լուրջ ճնշումներ գործադրելու Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը, ինչպես արդեն որոշ չափով արձանագրվել է տարբեր ատյանների կողմից՝ կա խտրականություն հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից և սա անընդունելի է միջագային իրավունքի սկզբունքների տեսանկյունից»,- ասաց Գուրգեն Պետրոսյանը։

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճռին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները: «Արդարադատության միջազգային դատարանը իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996 թվականը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»,- գրել է Կիրակոսյանը։ 


Այս առնչությամբ Գուրգեն Պետրոսյանն ասաց, որ սա ակնհայտ հաղթանակ է Հայաստանի կողմից՝ Միջազգային արդարադատության դատարանում, սա շատ գրագետ իրավաբանական հայց է, որ ներկայացվել է և շատ գրագետ պատասխան է Ադրբեջանի հայցին։ Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը, որքան էլ որ փորձել են պատկեր ստեղծել, որ Հայաստանը նույնպես ունի միջազգային  իրավունքի խախտումներ, այս կրճատումներով՝ Ադրբեջան-Հայաստան գործի շրջանակներում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանն այդտեղ պատասխանատու չէ և պատասխանող կողմ չի հանդիսանում առաջին պատերազմի շրջանակներում՝ Ադրբեջանի կողմից բերված հայցի շրջանակներում։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան