Փաշինյանը նկատի ուներ, որ պետք է կշիռ տալ Խաղաղության պայմանագրին, այլապես այն փխրուն կլինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ իր համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գոյակցությունը պահանջում է ավելին, քան խաղաղության պայմանագիրը՝ ռազմավարական գործարք: Արդյոք հնարավո՞ր է Ադրբեջանի հետ նման գործարք։ Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը։ 

 

Քաղաքագետ Գագիկ Քամալյանը Civic.am-ի եթերում նշեց, որ խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, ու իր հիմքում այլ բան, քան այդ թուղթն է, չլինի, խաղաղություն ըստ էության այն չի բերի։ «Խաղաղությունը բավականին համալիր գործընթաց է և ունի մի քանի ասպեկտներ։ Դրա համար անհրաժեշտ է երկու ժողովուրդներին՝ հատկապես ադրբեջանցիներին, պատրաստել խաղաղության։ Տարիների հակամարտությունը, զոհերը, հայատյաց քաղաքականությունը մեկ հռչակագրով դուրս չեն գա ժողովրդի գիտակցությունից։ Երկրորդ ֆակտորը տնտեսական ու քաղաքական կապերն են։ Եթե խաղաղության պայմանագիրը չունի տնտեսական ու քաղաքական կշիռ, այն բավականին փխրուն կլինի»,- ասաց Քամալյանը։


Նրա կարծիքով՝ ապաշրջափակումը կտա հնարավորություն հարաբերությունների կարգավորման համար։


Անդրադառնալով Բայրամովի հայտարարությանը, թե դեկտեմբերից կվերսկսվեն խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունները, Քամալյանն ասաց, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, սպասում է՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ է գնալու Միացյալ Նահանգները։


Քաղաքագետը Հայաստանի՝ COP29-ին չմասնակցելը մեկնաբանելով նշեց, որ պետք էր ինչ-որ դիվիդենդ ստանալ դրանից։ Հայաստանը չի տեսել այդպիսի շանսեր և ամենայն հավանականությամբ այդ պատճառով չի մասնակցում։ «Միջազգային քաղաքականության լեզուն է դա՝ չգրված, բայց դա այդպես է»,- ասաց Քամալյանն ու նկատեց, որ բազմաթիվ գերտերությունների ղեկավարներ չմասնակցեցին այդ համաժողովին, իսկ դրանից հետո չնայած Ադրբեջանի կողմից էսկալացիայի առկա ռիսկին՝ Քամալյանը այն շատ մեծ չի համարում։ Փոխարենը կարող է Ադրբեջանի հռետորաբանությունը կոշտանալ։  

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան