Վարչապետն այսօր առավոտյան ֆեյսբուքյան
մի գրառում է արել և մասնավորապես նշել․ «Հաշվի
առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները,
հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել
իրենց զբաղեցրած պաշտոնները»։
Եվ ահա մենք տեսանք, որ մի շարք
պաշտոնյաներ հրաժարականի դիմումներ ներկայացրեցին։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի
հետ։
«Նախ, լավ կլինի, որ ընդհանրապես
վարչապետը և ընդհանրապես իշխանությունները, հաշվետվողականության ինստիտուտը ճիշտ օգտագործեն,
մի անգամ նորմալ բացատրեն, թե ինչո՞ւ են օրինակ՝ այս կադրին նշանակում և ինչո՞ւ են
էն մեկին ազատում։ Ես բացատարություններ չեմ լսել, թե էսքան կադրերին աշխատանքից ազատելու
պատճառը որն է, որովհետև ձախողե՞լ են, որովհետև չե՞ն արդարացրել այն պահանջները, որոնք
որ պիտի արդարացնեին։ Սա ընդհանրապես Հայաստանում
ավանդույթ է, որը հաղթահարել չի լինում, նշանակել, ազատել՝ որևէ բացատրություն
չտալով դրա համար։ Երկրորդը այն, որ առանձին ոլորտներում կան պրոբլեմներ և ակնհայտ
է, որ կան, դրանք հավանաբար այդ պատճառներից մեկն են։ Օրինակ՝ ոստիկանության համակարգը
վատ չի աշխատում , կարող է այն չի, բայց վատ չի աշխատում։ Օրինակ՝ շատ աղետալի վիճակ
է արդարադատության համակարագում։ Նախկին արդարադատության «թագավորության» շրջանում,
Հայաստանի վատթարագույն անցյալի ներկայացուցիչները, որոնք մեր ժողովրդին հայտնի են
կոռուպցիայի և պետության կողոպուտի իրենց արարքներով, բոլորը այս նոր, հեղափոխական
դատարաններով լողացան դուրս եկան։ Պարզվեց ժամկետանց ինչ-որ օրենք կա, ինչ-որ օրենք
գտան, բոլորին արդարացրեցին էդպես։ Հիմա պարզ է, որ այդ արդարադատության համակարգը
մեր ժողովորդի մոտ լեգիտիմություն չունի»,- ասաց Հայկ Սուքիսայանը։
Վերջինիս խոսքով՝ իշխանությունը,
երբ որ ասում է՝ մենք չենք խառնվում, ամեն ինչ օրենքով է, ամեն ինչ ճիշտ է, բայց այդ
սիստեմները ժողովրդավարական են, իրավական են, եթե դրանք լեգիտիմ են և ժողովրդի մոտ
ունեն բարձր վստահություն, բայց այդ սիստեմները չունեն այդ վստահությունը։
Քաղաքագետը նաև ասաց, որ բացի
դա մեր օրենսդրությունը ևս չի սպասարկում, որպեսզի համակարգն արդիականանա։
Ի հավելումն նա նշեց, որ եթե
ուզում ենք՝ համակարգը լինի արդար, կոռուպցիայից զերծ, պիտի ունենալ պարզ օրենսդրություն,
բայց մեր օրենսդրությունը շատ բարդ է, դրա համար ստացվում է ամեն ինչ օրինական է, բայց
բոլոր կոռուպցիոներներն արդարացվում են։
«Դա պրոբլեմ է, որը պետք է լուծեն,
նաև կադրերի հարց կա։ Դուք նոր կադրեր գտեք, վստահեք նոր սերնդին, մի վախեցեք, թող
մի քիչ էլ սխալվեն։ Իսկ էդ «պրոֆեսիոնալները», մենք այդ «պրոֆեսիոնալների» ստեղծած
պետությունը տեսել ենք։ Հայաստանում այդպիսի ավանդույթ կա, մեկը որ նշանակվում է պաշտոնի,
ինքը որոշում է, որ այդ պաշտոնի վրա ինքը պտի մեռնի։ Ես ուզում եմ, որ այդ ավանդույթը
թողեք։ Կնշանակի, եթե պետք լինի՝ կազատի։ Այստեղ ողբերգություն չկա, ոչ էլ մեծ համակարգային
հարցեր կան, ոչ էլ այդ անձերով բան է փոխվելու, խնդիրը համակարգի կառավարման մեջ է,
սիստեմի փիլիսոփայության մեջ է։ Մենք պիտի նշանակենք կադրեր, որոնք ունեն մասշտաբային
մտածողություն, որոնք այդ դախացած համակարգերը կարան ցնցեն»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան