«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական
ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ
մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»,-
այդ մասին իր ֆեյսբուքյան էջում երկուշաբթի գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրանից հետո դիմումներ ներկայացրեցին
վեց պաշտոնյաներ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
Նա նշեց, որ նման որոշումն իր
համար սպասելի չէր, որովհետև դա գործի խոհանոցային նախապատրաստում էր, բայց որ արվել
է անհրաժեշտաբար, ճիշտ է արել, որովհետև երկիրը որոշակի զարգացման փուլ է թևակոխում
և դա կայունությունն է։
«Եթե վերցնենք այս վերջին ամիս
կամ նախորդը և պատերազմի ավարտը, մենք հարատև ճնշման և կիսապստամբական վիճակում է եղել
երկիրը՝ ռուսական քայքայիչ ուժերի կողմից, ղարաբաղյան կլանի կողմից, և դրանց շնիկների կողմից։ Քոչարյան Ռոբերտը դրանց «մոսկա» էր ասում, այդ ամբողջը
ապակայունացում էր։ Ինչքան եմ ես ասել, որ մեր երկրին խիստ անհրաժեշտ է կայունություն,
որպեսզի կարողանա վերքերը բուժի և այլն։ Այդ որոշակի փուլն անցավ, տնտեսական որոշակի
տեղաշարժ եղավ, որի ապացույցը ճանապարհներն են։ Եվ ահա այսպիսի որոշակի զարգացումից
հետո երևի այդ զարգացման խոչընդոտները վերացնելու խնդիր է առաջացել նաև միջազգային
դրության իմաստով երևի արտաքին ֆոնը պարզվեց»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Վերջինս կարծում է, որ առաջիկայում
նոր պաշտոնանկություններ ևս կլինեն և ինքը կուզենար, որ նույն, բայց ավելի նախապատրաստված
ձևով դա լիներ բանակի Գլխավոր շտաբում և ՊՆ-ում, խիստ անհրաժեշտ է սովետական, ռուսական
կադրերն ընդմիշտ պետք է Հայաստանը թողնեն՝ կառավարությանը մասնակցելու առումով և հատկապես
ռուսական ազդեցություն կրողները։
Նա նշեց, որ վարչապետն այս քայլով
երկրի զարգացման պահանջներին համահունչ է գնում, հիմա պետք են արմատական ռեֆորմներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան