Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի
տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության
արտադրական գործունեությանը և հաջողություններին։
«Եղվարդի նեկտար» ընկերությունը
հիմնադրվել է 1997 թվականին՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա: Տարիների
ընթացքում այն ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար մեղվաբուծական ընկերություններից
մեկը:

Ընկերությունը ներկայում
արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է ընդլայնել արտադրանքի տեսականին՝
հասցնելով մինչև 50-ի։ Ընկերությունը տարեկան ապահովում է մինչև 50 տոննա մեղվամթերքի
արտադրություն։ Արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան։
Նախատեսվում է նաև
սկսել մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն, մասնավորապես՝ մեղրի օղի, բրենդի,
գինի և վիսկի։
Ընկերությունն օգտվել
է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության»
պետական ծրագրից՝ ձեռք բերելով նոր սարքավորումներ, որոնք նպաստել են արտադրության
ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սերտորեն համագործակցում
է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի»
շրջանակում՝ հանդես գալով որպես մատակարար կազմակերպություն։
Ամեն տարի կազմակերպությունը
սահմանամերձ գյուղերում նախաձեռնում է անհատական մեղվատնտեսությունների ստեղծման ծրագիր՝
տրամադրելով մեղվաընտանիքներ և աջակցություն։