ՀՀ ՆԳ փոխնախարարն ու Զաքարի Բարթերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար:


 

Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։ Նա ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացիկ աշխատանքները, կառուցվածքի, գործառույթների ու կադրային քաղաքականության մանրամասներ։


 

Բարձր գնահատելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Զաքարի Բարթերը կարևորել է անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։


 

Քննարկվել են փորձի փոխանակման, ծառայողների կրթական գործընթացի կազմակերպման, վերապատրաստման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը։