Հայաստանի և Կոլումբիայի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ-i Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խթանելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը։


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցերին: