«ՄԱԿ-ին հորդորում ենք իրավիճակի գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ». ԱՄՆ ՄԶԳ ղեկավար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանտա Փաուերը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Պատասխանելով կոնգրեսական Քրիս Սմիթի հարցին՝ արդյո՞ք ամերիկյան կողմը որևէ օգնություն հասցնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման մեջ մնալ Ադրբեջանի կողմից, պատասխանել է. որ Լեռնային Ղարաբաղ մուտքը սահմանափակված է, իրենք տեղում ներկայացվածություն չունեն, և Լաչինի միջանցքի արգելափակումն ու անցակետի տեղադրումը սահմանափակել է առօրյա կենցաղային ապրանքների ներկրումը․ «ՄԶԳ-ն երկու գնահատման առաքելություն է ուղարկել տարածաշրջան։ Մենք հորդորել ենք ՄԱԿ-ին, որ նրանք էլ գնահատման առաքելություն ուղարկեն»։
Փաուերը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա, ուստի ճանապարհի բացումը հրամայական է: