Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։


Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին:


Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր գրանցվել։


Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում հայցում են ապաստան, մինչև լիազոր մարմնի կողմից որոշման կայացումը կկարողանան ժամանակավորապես բնակվել նորակառույց կացարանում: Նոր շինության տարածքը հատկացվել էր 2018 թվականին, այնուհետև կատարվել են չափագրման աշխատանքներ, իսկ կառուցապատումը սկսվել է 2021 թվականին:


Աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների Թագավորության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Դանիայի Թագավորության կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:


Առաջիկայում կմեկնարկի տեխնիկական վերազինման և կահավորման փուլը, ինչից հետո շենքը կհանձնվի շահագործման։