Ի վերջո եկեք խոստովանենք՝ արտագաղթի պատճառը 90%-ով կապված է մեր կոնֆլիկտային միջավայրի հետ. վարչապետ

Հայաստանում արտագաղթի հիմնախնդիրը 1990-ականներից ի վեր քննարկվող հարց է, որի պատճառները հաճախ կապվում են սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների հետ, սակայն դրանք արտագաղթի իրական պատճառների միայն փոքր մասն են կազմում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ արտագաղթի հիմնական պատճառները պետք է փնտրել տարածաշրջանային կոնֆլիկտային հարաբերությունների և դրանց հետևանքների մեջ։


«Մինչև հիմա մեր թվարկած պատճառները, որոնք ճշմարիտ և ընդունված են, դրանք պատճառների 10-20 տոկոսն են։ Եկեք խոստովանենք, ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջինից տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։