Այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս»
ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս
գալ երթուղիներ, ինչի պատճառով աշխատանքի և այլ վայրեր շտապող բազմաթիվ քաղաքացիների
պատճառվել է մեծ անհարմարություն։
Civic.am-ի հետ զրույցում ներկայացնելով
իրենց գործադուլի պատճառը՝ վարորդներն ասացին,
որ դժգոհ են իրենց աշխատավարձից և մի քանի այլ աշխատանքային խնդիրներից։
Հիշենենք, որ վարորդները ամսվա
ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ), «MAN»
ավտոբուսների համար կազմում է 401,500 ՀՀ դրամ,
«Zhong Tong»-ի համար 309 500 ՀՀ դրամ, «Gazel City»-ի համար՝ 219,500 ՀՀ դրամ:
Վարորդները նաև տեղեկացրեցին,
որ իրենց դժգոհությունը նոր չէ, որ հայտնում են, այլ պարբերաբար այդ մասին բարձրաձայնել
են և իրենց ասել են, որ հարցին լուծում կտան։
Նշենք նաև, որ խնդրի վերաբերյալ
ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանը՝ մասնավորապես գրելով հետևյակը․«Ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից
հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով
հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։
Նախ, ուզում եմ ներողություն
խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ,
որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու
են խիստ պատասխանատվության»։
Խնդրի վերաբերյալ այսօր մամուլի
ասուլիս է տվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ վարորդների բարձրացրած
որոշ խնդիրներ օբյեկտիվ են և իրենք ասել են, որ այդ խնդիրներով զբաղվելու են, բայց
սա խնդիր բարձրացնելու ձև չի։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ սա
ոչ թե գործադուլ է, այլ՝շանտաժ։
Բացի դա, քաղաքապետի տեղակալը
նաև տեղեկացրեց, որ ինքը համապատասխան հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին,
պարզելու համար արդյոք գործ ունենք աշխատանքային
պարտականությունների չկատարման հետ, թե առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի
հետ, որ ոչ միայն հատել է աշխատանքային օրենսդրության սահմանը, այլև քրեական օրենսգքրի
սահմանը։
Հարցին, թե վարորդների գործադուլի
մեջ տեսնո՞ւմ է արդյոք քաղաքական ենթատեքստ, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ դեռ չի կարող
ասել այդտեղ քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ, բայց եթե դեռ երեկ իրեն ասեին, որ նման
բան է լինելու, ինքը կարող էր անուն ազգանունով ասել, թե ովքեր քաղաքական դիվիդենտներ
կհավաքեն այդ գործողությունից։
Նշենք, որ այսօր 18 վարորդի ազատել
են աշխատանքից, որոնց ազատման հիմքը՝ հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ
և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային
պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք,
որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան