Աղազարյանը տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել․ Կոնջորյան

Նախապես արդեն հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում դրված էր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացնելու հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։


Կոնջորյանը նշեց, որ այսօր՝ վաղ առավոտյան ինքն Աղազարյանին ծանուցել է, որ այդ օրակարգով նիստ է լինելու .«Իրեն հրավիրել եմ, ինքն էլ ասել է՝ «շատ լավ»»։


Հարցին, թե Հովիկ Աղազարյանը կոնֆիդենցիալ ի՞նչ տեղեկություն է դուրս հանել խմբակցությունից, ինչի՞ մասին է խոսքը, խմբակցության ղեկավարը նշեց.«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով  արտահոսքեր է կատարել։ Դրանք պարզվել են  և դարձել են նրան հեռացնելու հիմքերից մեկը։ Դրանց առնվազն մի մասը մամուլում կա։ Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար, ես իրավունք չունեմ դրանք հայտնելու»։


Կոնջորյանը նաև հավելեց, որ վարչության նիստի ժամանակ Աղազարյանը դա չի հերքել։